Մատչելիության հղումներ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց հին մեքենաների տուգանքը կրճատելու առաջարկին


Տաքսու վարորդ Սարգիս Սահակյանը տուգանքի հերթական նամակը երեկ է ստացել, 20 հազար դրամով էլ տուգանվել է նախորդ օրը. ծանուցագրեր ստանալը արդեն առօրյայի մաս է դարձել, անկեղծանում է՝ երեկոյան վախը սրտում է տուն վերադառնում։

«Գժվել եմ, ախպե՛ր: Հիմա գնամ տուն՝ կգա: Հասնում եմ տուն՝ 20,000 գալիս ա», - պատմում է նա:

Տուգանքները կլոր թվեր են՝ 10 հազար, 20 հազար դրամ: Հաշվելը հեշտ է՝ մուծելն է դժվար։ 25 տարվա տաքսիստն ասում է՝ վերջին տարիներին արդեն մի քանի հազար դոլարի տուգանք է մուծել, ինչը իր միակ ապրուստի միջոց՝ հին ռուսական մեքենայի գնից ավելին է․ - «Դաժե պոչտալյոնին ասել եմ թաքուն բերի, որ կնիկս չտենա: Կնիկս տենում ա՝ վատանում ա: Առաջ ըտենց չէր, հմի օրեկան գալիս ա: Թող գան էս ավտոն էլ վեկալեն՝ պրծնեմ, ի՞նչ անեմ»:

56-ամյա վարորդը տեղում հաշվեց, մոտ 400 հազար դրամի տուգանք դեռ պետք է մուծի, թե ինչպես՝ ինքն էլ չգիտի: Հերթական հաճախորդին սպասելիս վարորդը աչքը հեռախոսին է պահում, տղան արտերկրում աշխատում է, որ տուգանքները մուծեն։

«Տղուս ղրկել եմ Ռուսաստան՝ ավոյա լվում», - պատմեց նա:

Պատմությունը կրկնվում էր այսօր մեզ հանդիպած գրեթե բոլոր վարորդների դեպքում, բողոքում էին՝ ինչքան ուզես։ Սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առաջարկել է օրենքում փոփոխություն անել և 10 տարվա և ավելի հին մեքենաների համար տուգանքները 50 տոկոսով կրճատել։ Այսօր կառավարությունը եզրակացություն էր տալիս այս առաջարկին։ Քննարկումը ուղիղ երկու րոպե տևեց․ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հարցը նաև իրենց է մտահոգում, բայց ընդդիմադիր պատգամավորի առաջարկը մերժեց։

«Կարծում ենք, որ այն տարբերակումը և այն չափորոշիչները, որոնք դրված են հիմքում, այսինքն՝ տվյալ պարագայում տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը և արտադրման տարեթիվը չեն կարող օբյեկտիվորեն իրավիճակը արտացոլել», - ասաց Հովհաննիսյանը:

Նախարարը նաև ասաց՝ օրենքի առջև բոլորն են հավասար՝ անկախ տարիքից ու մեքենաների տարեթվից։ Բացասական եզրակացությանը կառավարությունում ոչ ոք դեմ չէր, շտապեցին քննարկել հաջորդ հարցը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի համար կառավարության տեսակետը անընդունելի է, պնդում է՝ անգամ օրենքում տարբերակման դեպքեր շատ կան, օրինակ այն, որ մեքենաների համար պետք է գույքահարկ մուծել, որը որոշվում է ըստ մեքենայի տարիքի։

Չնայած կառավարության բացասական եզրակացությանը՝ Փաշինյանի առաջարկած փոփոխությունը նաև ԱԺ-ում է քննարկվելու: Պատգամավորը արդեն բանավեճի է պատրաստվում։

XS
SM
MD
LG