Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը


Այն նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 90-ամյակին:

Այսօր Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգով սկսվում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որը կտևի շուրջ 2 ամիս:

Այս ընթացքում հայ երաժշտասեր հասարակայնությունը կրկին հնարավորություն կունենա ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտների՝ ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա Ֆրեդերիկ Գիին, իռլանդացի դաշնակահար Բարրի Դուգլասին, գերմանացի կլարնետահար Վենցել Ֆուքսին, հանրահայտ Բորոդին քառյակին, բազմաթիվ այլ՝ նաև հայ անվանի երաժիշտների:

Համերգները կղեկավարեն Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իտալացի Պիեր Կառլո Օրիցիոն և գերմանացի Քրիստոֆ Պոպպեն:

Իսկ այս երեկո կայանալիք համերգին Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ որպես մենակատար հանդես է գալու աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը:

«Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակն է, և Երևանյան միջազգային փառատոնը այս տարի Ֆիլհարմոնիկ նվագախումբը նվիրել է իր 90-ամյակին: Նաև չէինք կարող անդրադարձ չկատարել տարվա ամենագլխավոր միջոցառմանը՝ 100-րդ տարելիցին Ցեղասպանության: Այդ պատճառով մենք ուզում ենք շատ համերգներ նվիրել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Առավել ևս՝ արտերկրից մեզ մոտ ժամանելու են հայազգի մի շարք տաղանդաշատ երաժիշտներ, և նաև նրանց ցանկությունն է դա: Օրինակ, Լևոն Չիլինկիրյանը, Իդա և Անի Կավաֆյանները, Մարիաննա Շիրինյանը, Ալեքսանդր Չաուշյանը և այլոք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը:

«Այնպես ստացվեց», - շարունակեց նա, - «որ մի քանի տարվա բանակցությունների արդյունքում, և իրապես մենք շատ կենտրոնացել էինք այս տարելիցի և տարեդարձի առիթներով, շատ մեծ ցանկություն ունեինք, որ հատկապես այս տարի շատ ավելի մեծատաղանդ երաժիշտներ գան Հայաստան, և կարծես թե դա մեզ հաջողվեց»:

Ռուզան Սիրունյանը հավելեց, որ փառատոնի բացման համերգը միայն տեղի կունենա Օպերային թատրոնի դահլիճում՝ հույս հայտնելով, որ կավարտվի ավելի քան մեկ տարի առաջ սկսված «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերանորոգումը, և հաջորդ համերգներն արդեն կկայանան այնտեղ:

Փառատոն է անցկացնում նաև նորաստեղծ Ջազի ասոցիացիան

Այսօր ասուլիս էին հրավիրել Վահագն Հայրապետյանը, Վազգեն Ասատրյանը և Կամո Մովսիսյանը՝ հայտարարելու, որ հայ ջազմենները համախմբվել են և ստեղծել Ջազի ասոցիացիա, որն արդեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կազմակերպելու է «Երևան-ջազ 2015» փառատոնը: Ջազի երկրպագուները այդ օրերին հնարավորություն կստանան ունկնդրելու ոչ միայն հայ, այլև արտասահմանցի հանրահայտ ջազմենների:

«Այս ասոցիացիայի միջոցով ու շնորհիվ և այս փառատոնի միջոցով ու շնորհիվ մենք կարողանում ենք մեր ազգը, մեր երկիրը ներկայացնել աշխարհին», - ասաց Վահագն Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG