Մատչելիության հղումներ

«Մոլոտովի կոկտեյլ» են նետել Գլենդեյլում Հայաստանի հյուպատոսության վրա


Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքը Գլենդեյլում, արխիվ
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքը Գլենդեյլում, արխիվ

Օգոստոսի 10-ին անհայտ մի հանցագործ «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդեյլում գտնվող՝ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Այս մասին հաղորդում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթը՝ վկայակոչելով լավատեղյակ մի անձի, ով չի ցանկացել բացահայտել իր անունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որ գիշերը ժամը 3-ին մի մեքենա է կանգ առել շենքի մոտ, ուղևորը դուրս է եկել և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:

Երբ Գլենդեյլի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից:

Թե՛ Գլենդեյլի ոստիկանությունը, թե՛ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:

«Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական մի շենք հարձակման է ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում», - նկատում է «Կալիֆորնիա Կուրիեր»-ը:

Գլենդեյլի ոստիկանության մամուլի խոսնակը թերթին ասել է, թե չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG