Մատչելիության հղումներ

Երևանում ավտոկայանման կարմիր գծերին գումարվել են դեղինները


Եթե կարմիրի դեպքում հնարավոր է վճարել և կայանել մեքենան, ապա դեղինի պարագայում տարածքը ծառայողական է, կայանելն էլ՝ վարձակալողի թույլտվությամբ։

«Զգուշացեք կարմիր գծերից» վարորդների սիրելի արտահայտությանը հնարավոր է նոր գույներ ավելանան։ Մայրաքաղաքի փողոցներում մի քանի տարի առաջ հայտնված կարմիր գծերի հետ մրցակցելու են գալիս դեղին գծերը։ Եթե կարմիրի դեպքում հնարավոր է վճարել և կայանել մեքենան, ապա դեղինի պարագայում տարածքը ծառայողական է, կայանելն էլ՝ վարձակալողի թույլտվությամբ։

Ընդ որում, ծառայողական ավտոկայանատեղի հնարավոր է ունենալ այն տարածքներում, որտեղ արդեն իսկ գործում է կարմիր գծերով կայանատեղի։ Երևանում վճարովի կայանատեղիները սպասարկող Parking City Service ընկերությունը ծառայողական կայանատեղիների հետ անմիջական կապ չունի, դրանցով զբաղվում է Երևանի քաղաքապետարանը: Եթե համապատասխան գումարը վճարվում է, քաղաքային իշխանությունները որոշում են կայացնում և հարկատուների հաշվին ասֆալտապատված Երևանի փողոցներից մեկի կայանատեղին հատկացնում վճարողին։

«Ամենաանհեթեթը էն ա, որ ովքեր վճարել են կարմիր գծերի համար, էլի չեն կարենալու օգտվեն», - ասում է փաստաբան Արտակ Խաչատրյանը: Փողոցը հանրության սեփականությունն է, ասում է փաստաբանը, բայց ինքը այս հարցում այլևս վստահ չէ:

Երևանի ավագանու նախորդ տարվա դեկտեմբերի միայն մեկ որոշմամբ շուրջ 22 ընկերություններ ծառայողական ավտոկայանատեղիներ ունենալու թույլտվություն են ստացել, իսկ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն էլ միանգամից 8 փողոցներում շուրջօրյա կայանատեղիներ է ձեռք բերել։ Փաստաբանի կարծիքով հանրային տարածքը բիզնեսի է վերածվել:

Ծառայողական կայանատեղիների մասին ավագանու որոշման մեջ ասվում է, որ դրանք կազմակերպելիս պետք է հաշվի առնել տարածքի առանձնահատկությունները և այդտեղ ծառայողական ավտոկայանատեղի ունենալու նպատակահարմարությունը։ Երևանի փոքր կենտրոնում՝ Օպերային հարող Սպենդիարյան փողոցում, միակ ազատ հատվածը բրենդային հագուստի խանութի ծառայողական կայանատեղին էր։ Մեզ հետ տարածք այցելած վարորդ Արմեն Եփրեմյանը վստահ է՝ ինչ-որ մեկի բիզնես շահի համար իր իրավունքները ոտնահարվել են․ - «Նախ պետք է տվյալ կայանատեղերի համար սահմանվի չափորոշիչները գերակայության մասին: Հասկանալի կլինի, եթե դա հիվանդանոցային տարածք է, բժշկական հիմնարկի տարածք է, որտեղ շտապօգնության մեքենաները պետք է կանգնեն: Տվյալ դեպքում տեսնում ենք, որ որևէ օֆիս է, կամ միգուցե ռեստորան, սեփականացրել է իմ և ձեր տարածքը՝ այսինքն հանրային տարածքը, և ոտնահարում են մեր սահմանադրական իրավունքը»

Արմեն Եփրեմյանը վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ է, նոր է նկատել, որ ծառայողական կայանատեղին սովորականից տարբերելու համար փողոցում հատուկ ցուցանակ է դրվում։ Մնացած բոլոր դեպքերում վարձակալողները երևակայությունն են գործի դնում․ մեկը դեղին գծեր է ներկում, մյուսը՝ լույսեր տեղադրում, իսկ Սպենդիարյան փողոցի խանութի տնօրենն էլ որոշել է ասֆալտի մեջ ձողեր խրել։

«Բացի այն, որ ինքը մատնանշում է, որ այդտեղ չի կարելի կայանել, դա նաև գովազդ է: Սեփական տարածք է նշանակում: Բայց դա երթևեկելի գոտի է», - ասում է նա:

Քաղաքային իշխանությունները պնդում են, որ թեև վարձակալողների ձևավորումները օրենքի խախտում են, բայց նրանց տարածք տրամադրելը օրենքի տառին համապատասխան է։

Հենց այսօր էլ ավագանու որոշմամբ ևս մեկ ընկերություն Երևանում կայանատեղիի ժամանակավոր սեփականատեր դարձավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG