Մատչելիության հղումներ

Շարունակվում է անօրինական միգրանտների հոսքը Եվրոպա


Փշալարերով պատված Սերբիա-Հունգարիա սահմանը, օգոստոս, 2015թ.
Փշալարերով պատված Սերբիա-Հունգարիա սահմանը, օգոստոս, 2015թ.

Մերձավոր Արևելքից հիմնականում Սիրիայի հակամարտության, Սիրիայի պատերազմի պատճառով, ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորումից փախչող միգրանտները արևելաեվրոպական երկրներով ձգտում են հասնել ավելի բարեկեցիկ Գերմանիա, որտեղ ակնկալվող օգնությունը շատ ավելին է, քան մյուս երկրներում։

Գերմանիան պաշտոնապես գրանցված փախստականներին ապահովում է կացարանով, սնունդով, դեղորայքով, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս կանխիկ գումար է տալիս անհրաժեշտ ծախսերի համար։

Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս տարի 800 հազար փախստական կընդունեն։ Անցած շաբաթավերջին Գերմանիան արդեն մոտավորապես 20 հազար միգրանտ է ընդունել, որից մոտավորապես 4 հազարը հասել են Մյունխեն։

Սակայն Գերմանիայում ոչ բոլորն են բարյացկամ ընդունում փախստականներին։ Երկրի կենտրոնական շրջաններում ծայրահեղ ազգայնականները հրդեհի են մատնում նրանց համար նախատեսված կացարանները։ Անցած շաբաթավերջին փախստակաների համար նախատեսված երկու կենտրոն է հրդեհվել։ Հաղորդվում է, որ հրդեհներից մեկի հետևանքով հինգ միգրանտ է վիրավորվել։

Միգրանտների հանդեպ եվրոպական երկրների վերաբերմունքը տարբեր է։ Ամենակոշտ դիրքորոշումներից մեկը ցուցաբերում է Հունգարիան։ Բուդապեշտը մեղադրում է Գերմանիային միգրանտների հոսքը խրախուսելու համար և փորձում է արագացնել իր սահմանների պաշտպանությունը։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարգադրել է արագացնել Սերբիայի սահմանին կառուցվող ցանկապատի շինարարական աշխատանքները, որի ժամկետներն արդեն խախտվել են։

Երկուշաբթի օրը հրաժարական է տվել երկրի պաշտպանություն նախարարը՝ հիմնական պատճառը ցանկապատի կառուցման ժամկետները ձգձգելն է։ Վարչապետն ընդունել է նրա հրաժարականը։

Երկուշաբթի օրը Հունգարիայի դեսպանների, դիվանագետների հետ հանդիպմանը Օրբանն ասել է, թե գերմանական բարեկեցիկ կյանք փնտրող միգրանտներից ոչ բոլորն են անվտանգ։ Նա ասել է, որ միգրանտների հոսքը կարող է սպառնալ եվրոպական քրիստոնեական բարեկեցիկ երկրներին։

Երկուշաբթի օրը հարյուրավոր միգրանտներ ճեղքել են Սերբիայի սահմանը պաշտպանող հունգարացի ոստիկանների շղթան և ոտքով ճանապարհ ընկել դեպի Բուդապեշտ։ Այս տարվա ընթացքում Հունգարիա են մուտք գործել 167 հազար անօրինական միգրանտներ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Բրիտանիան սիրիացի 20 հազար փախստական կընդունի, բայց նրանց կընդունի ոչ թե Եվրոպայից, այլ Մերձավոր Արևելքում փախստականների ճամբարներից։

Երկուշաբթի օրը յոթ հազար փախստականներ մտել են Մակեդոնիա, իսկ Թուրքիային սահմանակից հունական կղզիներում արդեն մոտավորապես 30 հազար միգրանտներ կան։ Նրանք Թուրքիայից նավակներով են հասնում այդ կղզիները, 20 հազարը Լեսբոս կղզում են տեղավորվել։ Այսօր Ժնևում այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի մամուլի խոսնակը։ Մելիսա Ֆլեմինգն ասել է, որ եվրոպական երկրները սիրիացի փախստականներին երաշխավորված տեղաբաշխելու ծրագրի կարիք ունեն։ Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր երկիր որոշակի քանակի փախստականներ ընդունի, հարց, որի շուրջ եվրոպական երկրները տարբեր դիրքորոշումներ ունեն։

Փախստականներին ընդունելու պատրաստ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ եվրոպական երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն փախստականներին իրենց երկրներում տեղաբաշխելու համար։ Գերմանիայի կանցլերն ասել է, որ Գերմանիան միայնակ չի կարող լուծել փախստականների խնդիրը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Եվրամիության երկրներին 120 հազար փախստականների տեղաբաշխման համար, որոնցից 24 հազարին կընդունի Ֆրանսիան։ Չեխիան, Սլովակիան, ինչպես նաև Ֆինլանդիայի կառավարող կուսակցությունը մերժում են փախստականներին ընդունելու քանակական քվոտաներ սահմանելու գաղափարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG