Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը կարծում է՝ անհաջող մրցաշրջանի պատճառը Հայաստանում ֆուտբոլի վիճակն է


Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում, արխիվ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ Հայաստան-Դանիա հանդիպման արդյունքը Հայաստանի հավաքականի համար դրական է լինելու։ Այս մասին նա հայտարարել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

Մխիթարյանը հուսով է, որ Սերբիայից կրած պարտությունից հետո այսօր ավելի լավ հանդես կգան և սեփական խաղը կթելադրեն մրցակցին։ Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանը խմբից դուրս գալու հնարավորություն այլևս չունի, բայց դրանից Մխիթարյանը չի հուսալքվում։

«Անձամբ ինձ համար հավաքականում մոտիվացիան հաղթանակն է։ Երբ մենք հաղթում ենք, հայերի դեմքին ժպիտ է հայտնվում, փողոցներում երաժշտություն է հնչում, մարդիկ դա ընկալում են որպես իրենց անձնական հաղթանակ, ի՞նչը կարող է դրանից ավելի լավ լինել, հենց այդ ժպիտներն էլ ինձ համար ամենամեծ մոտիվացիան են»,- ասել է նա։

Մխիթարյանի կարծիքով՝ անհաջող մրցաշրջանի պատճառը Հայաստանում ֆուտբոլի վիճակն է։ Նրա խոսքով՝ ուժեղ ֆուտբոլ ունենալու համար պետք է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնել, ինչպես նաև ուժեղ ակումբային առաջնություն ունենալ։ Այն հարցին էլ, թե արդյոք հավաքականին չի վնասո՞ւմ, որ ինքը որպես կիսապաշտպան է հանդես գալիս, Մխիթարյանը պատասխանել է, որ ինքն իրեն հարձակման գծում ավելի լավ է զգում, բայց այդ հարցը պետք է մարզչին տալ։

Հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Դանիայի հետ խաղից առաջ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Մխիթարյանը որպես կիսապաշտպան ավելի մեծ օգուտ է տալիս։

«Իհարկե, եթե լիներ 3-4 Մխիթարյան, կփորձեինք առջևում դնել, բայց, ցավոք, Հենրիխը մենակ է, այդպես եմ գտնում, որ նա ավելի մեծ օգուտ կարող է տալ հենց այդ դիրքում»,- ասել է մարզիչը։

Այսօր երեկոյան ժամը 20-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրո 2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումից առաջ Հովսեփյանը հայտարարեց, որ Սերբիայից կրած պարտությունից հետո վերլուծություններ են արել և այսօր դաշտում փորձելու են ուրախացնել երկրպագուներին։

«Բոլորս ծարավ ենք այդ հաղթանակին, բոլորս էլ հասկանում ենք, որ մի տարի էլ հաղթանակ չենք տոնել, մոտիվացիան հենց դա է, որ ուզում ենք անպայման հաղթել մեր տանը, մեր մարզադաշտում։ Դրանից լավ մոտիվացիա չի կարող լինել»։

Դանիայի հավաքականում հուսով են, որ այսօրվա հանդիպմանը լավ են պատրաստվել։ Հավաքականի մարզիչ Մորտեն Օլսենը նախախաղային մամլո ասուլիսում հայտարարեց՝ իրենք լավ թիմ ունեն, բայց պետք է ուշադիր լինեն, քանի որ Հայաստանի հավաքականը կարող է տարբեր ոճերով խաղալ։

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը դժվարանում է ասել, թե ինչպես կավարտվի այսօրվա խաղը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հաղթանակի հավանականությունը քիչ է, քանի որ թիմը մարտունակ չէ, մինչդեռ Դանիան էլ ուժեղ վիճակում չէ։

«Սա երևի թե վերջին 20 տարիների Դանիայի ամենաթույլ հավաքականն է»,- նկատում է Կարա-Պողոսյանը։

Ֆուտբոլային մեկնաբանը ամեն դեպքում լավատեսությունը չի կորցնում, ասում է, որ հավաքականում է Եվրոպայի ամենալավ ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, նաև ավելացնում, որ իր կարծիքով՝ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանին մարզչի պաշտոն վստահելը դեռ վաղ էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG