Քիշնևում հանրահավաք է անցկացվում Մոլդովայի իշխանությունների դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ «Արժանապատվություն և արդարություն» շարժման տվյալներով, փողոց է դուրս եկել շուրջ 100 հազար մարդ:
Ցուցարարները պահանջում են վերադարձնել 1 միլիարդ եվրո գումարը, որը երկրի երեք կոմերցիոն բանկերից դուրս է գրվել չապահովված վարկերի տեսքով: Այլ պահանջների թվում են Ազգային բանկի, Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն հանձնաժողովի, Բարձրագույն դատական պալատի հրաժարականները, պետական ինստիտուտների բարեփոխումների անցկացումն ու խոսքի ազատության ապահովումը:
«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով, իշխանությունները փորձել են խանգարել հանրահավաքի անցկացումը՝ սեպտեմբերի 6-ին Քիշնևի կենտրոնում մեծ անվճար համերգ կազմակերպելով, սակայն երաժիշտների մեծամասնությունը հրաժարվել է մասնակցել համերգին:
«Արժանապատվություն և արդարություն» շարժման առաջին բողոքի ակցիան Քիշնևում անցկացվել է մայիսի 3-ին: Այն ժամանակ հանրահավաքին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ: