Մատչելիության հղումներ

«Ոչ»-ի ուժերը սահմանադրական բարեփոխումների դեմ հռչակագիր են մշակում


Սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասող քաղաքական և քաղաքացիական ուժերը խոստանում են մինչև սեպտեմբերի վերջը համատեղ հռչակագիր հրապարակել և միասնական հանրահավաք անցկացնել։

Այսօր այդ հարցի շուրջ «Ժառանգության», «Ազգային ինքնորոշում» միավորման, «Հիմնադիր խորհրդարանի» ու «Ոտքի Հայաստան» շարժման ներկայացուցիչները հանդիպում անցկացրին՝ մշակելով միասնական պայքարի օրակարգը:

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների արդյունքում Հայաստանում ժողովրդավարությունը էական հետընթաց կարձանագրի։

«Եթե գործող սահմանադրությունը ստեղծելու համար հինգ տարի անհրաժեշտ եղավ, ապա այս «իշխանությունները» նախագիծը մշակեցին հինգ ամսում և,ըստ էության, նրանք ոչ թե բարեփոխում են առաջարկում, այլ նոր սահմանադրություն:Այսպիսի կարճ ժամկետում այդպիսի գորոծը իսկական արկածախնդրություն է»,-հայտարարեց Հայրիկյանը:

Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Գարեգին Չուգազսյանի խոսքով, սահմանադրության փոփոխմամբ Հանրապետականը ցանկանում է կառավարման ղեկն ավելի կենտրոնացնել իր ձեռքում, ստեղծել միակուսակցական պետություն։ «Ըստ մեզ, սահմանադրականության հաստատումն է դառնում հռչակագրի առանցքը, եւ մեր գործը լայն զանգվածների հետ պետք է լինի՝ բացատրել, որ սոցիալական խնդիրները, որ Հայաստանում կուտակվել են, անարդարությունը, բեւեռացվածությունը առաջացել է, քանի որ չկա հակակշիռների համակարգ, որը վերահսկողություն ապահովեր եւ թույլ չտար, որ քաղաքական մոնոպոլիան ծածկվեր տնտեսական մոնոպոլիաներով»,-հայտարարեց Գարեգին Չուգասզյանը:

Ժառանգությունը ևս վստահ է՝ Սերժ Սարգսյանը այս քայլով ուզում էամրապնդել Հանրապետական կուսակցության դիրքերն ու հավերժացնել սեփական իշխանությունը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Ոչ-ի ճամբարում համախմբումը լուրջ խոչընդոտ կարող է դառնալ սահմանադրական բարեփոխումների անցկացման համար։ «Մենք միասնական ճակատի կողմնակից ենք»,-հայտարարեց հանդիպման մասնակից, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝հավելելով․ «որպեսզի քաղաքացիների ակտիվությունը եւս մեծ լինի, քաղաքական ուժերն ու քաղաքացիական շարժումները պետք է միասնական ձեւաչափ ստեղծեն»:

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության կարծիքով էլ երկրին օր առաջ անհրաժեշտ է իշխանափոխություն, եւ «Ոչի» պայքարը կարող է լավ հիմք դառնալ դրա համար։«Իմ կարծիքով կարելի է սեպտեմբերի կեսերին նախաձեռնել հավաք եւ կոչով դուրս գալ՝հորդորելով քաղաքացիներին եւս միանալ»,֊ասաց շարժման առաջնորդներից Անդրեաս Ղուկասյանը:

Համախմբման փորձ անող ուժերը առայժմ տարբեր մոտեցումներ ունեն մարտավարության հարցում․ մի մասը կոչ է անում տապալել Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը և թույլ չտալ, որ այն դրվիհանրաքվենի, մյուսներն էլնախընտրում ենհանրաքվեի ժամանակ «Ոչ» ասելու տարբերակը: Նախընտրելի տարբերակը ընտրելու շուրջ հանդիպումները կշարունակվեն առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG