Սիրիական Քոբանիից հունական Կոս կղզի հասնել ցանկացող ընտանիքի ամենափոքր անդամի՝ Այլանի անշնչացած մարմինը նկատել էին Թուրքիայի Բոդրում քաղաքի ափերին:
Փախստականներին տեղափոխող նավի խորտակման հետևանքով խեղդվել էր ավելի քան մեկ տասնյակ փախստական, այդ թվում երեխայի մայրը և 5-ամյա եղբայրը, փրկվել է միայն հայրը: Վերջինս ցանկություն է հայտնել իր հարազատներին թաղել հայրենի Քոբանիում: Թուրքական ոստիկանության ուղեկցությամբ այսօր զոհերի մարմինները Ստամբուլից տեղափոխել են Շանլըուրֆա, ապա Քոբանի:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեսախցիկի արձանագրած սարսափելի կադրերը մեծ արձագանք են գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Այսօր Ստամբուլում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ միջազգային հանրությանը կոչ անելով սթափվել և անտարբեր չլինել մարդկային ողբերգության հանդեպ:
Տեղի ունեցածին անդրադարձել է նաև Թուրքիայի ղեկավարությունը: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են արևմտյան բոլոր երկրները: «Սա Միջերկրական ծովում տեղի ունեցած առաջին ողբերգությունը չէ, որի հետևանքով մարդիկ, այդ թվում երեխաներ են մահանում: Որտե՞ղ է մարդկության խիղճը»,-ասել է Էրդողանը՝ նշելով, որ Արևմուտքը Միջերկրական ծովը վերածել է փախստականների գերեզմանոցի:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ, ելույթ ունենալով Բ20-ի տնտեսական համաժողովին, համաշխարհային առաջնորդներին կոչ է արել մտածել փախստականների մասին: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Թուրքիան ապաստան է տվել ավելի քան 1,5 մլն սիրիացի փախստականի:
Սիրիացի փախստականների խնդրին արձագանքել է նաև պաշտոնական Վաշինգտոնը: Պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները այսօր հայտարարել է, որ ցնցված է խեղդված երեխայի պատկերից: Նա ընդգծել է փախստականների պաշտպանության հարցում համագործակցության անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարվա վերջ 1800 սիրիացի փախստական ընդունել:
Շուրջ 4,5 տարի շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձած սիրիացիների հարցը օրակարգային է նաև Եվրամիությունում: Տասը օրից ԵՄ անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարները արտահերթ նիստ կանցկացնեն այս հարցով:
Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այսօր հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել 1000-ից ավել փախստականի, իսկ Չեխիայի և Սլովակիայի իշխանությունները կարող են միջանցք բացել՝ ապահովելով սիրիացի փախստականների անցումը Գերմանիա:
Տարեսկզբից արդեն Եվրոպան շուրջ 350 հազար ներգաղթյալ է ընդունել, որոնց մեծ մասը Սիրիայից են: ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը ԵՄ երկրներին կոչ է արել ևս 200 հազար փախստական ընդունել: