Մատչելիության հղումներ

Խադիջա Իսմայիլովայի գործի համեմատությունը՝ ստալինիզմի հետ


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովա, արխիվ

«Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը ծաղրուծանակ էր, դա ավելի շատ Ստալինին էր հիշեցնում, քան ժամանակակից արդարադատության չափանիշները», - ասել է Դրյու Սուլիվանը:

Արևելյան Եվրոպայում, Կովկասյան երկրներում, Միջին Ասիայում և Կենտրոնական Ամերիկայում կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների վերաբերյալ հետաքննությունների հրապարակումներով մասնագիտացված կազմակերպությունը համալրել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը դատապարտողների շարքերը:

Խադիջա Իսմայիլովային 7.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռն ավելի վաղ դարձել էր ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի, Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Human Rights Watch, Amnesty International և մի շարք այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների քննադատության առարկա:

Խադիջա Իսմայիլովայի դատավճի կապակցությամբ «Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների նախագիծ» հետաքննական լրագրողական կազմակերպության խմբագիր Դրյու Սուլիվանն ասել է. - «Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը ծաղրուծանակ էր, դա ավելի շատ Ստալինին էր հիշեցնում, քան ժամանակակից արդարադատության չափանիշները: Խադիջա Իսմայիլովան իր հետաքննությունների համար դատապարտվել է քաղաքականապես, ոչ թե քրեական հանցագործություննրի համար նախատեսված կարգով»:

«Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների նախագիծ» հետաքննական լրագրողական կազմակերպության գործադիր տնօրեն Փոլ Ռադուն գնահատել է. - «Խադիջան մեր սիրելի ընկերն է և աշխարհի լավագույն հետաքննող լրագրողներից մեկը»:

Նա կարևոր է համարել, որ աշխարհի տարբեր անկյուններում լրագրողները «քարը քարին չթողնեն» Խադիջա Իսմայիլովայի գործը շարունակելու հարցում:

Դրյու Սուլիվանը նշել է. - «Ադրբեջանի նախագահը սխալվում է, որ կարծում է, թե լրագրողներին բանտ նստեցնելով կարող է կասեցնել հանցագործությունների մասին հաղորդումները: Աշխարհի տարբեր անկյուններում այլ լրագրողներ կփոխարինեն նրանց»:

Չնայած նման կոշտ գնահատականներով հայտնի միջազգային կազմակերպությունների թիվն օրեցօր ավելանում է, Ադրբեջանի իշխանությունները հարկ են համարում տեղյակ պահել, որ չեն նահանջելու:

«Ադրբեջանը հանդիսանում է ներքին և արտաքին անկախ քաղաքականություն վարող պետություն: Ոչ ոք իրավունք չունի խառնվել երկրի ներքին գործերին», - ադրբեջանական «ԱզերԹաջ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

Նա պնդել է, թե Ադրբեջանում գործընթացները տեղի են ունենում ըստ ադրբեջանական օրենքների: Եվ, թեև Խադիջա Իսմայիլովան, ըստ ադրբեջանական օրենքների, պատրաստվում է դատավճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, երկրի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը շտապել է հիմնավորված համարել դեռևս ուժի մեջ չմտած դատավճիռը՝ լրագրողին մեղադրել է «հանցագործությունների մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG