Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում խորհրդային տարիներին շահագործվող պեմզայի հանքավայրից հիմա միայն անունն է մնացել:
3000 բնակիչ ունեցող այս համայնքում հողի սեփականաշնորհումից գրեթե չեն օգտվել: Մարդիկ այստեղ թեև գյուղաբնակներ են, բայց վար ու ցանքի հող չունեն: Եկամտի հիմնական աղբյուրը արտագնա աշխատանքն է:
Տիկին Ռուզաննայի ամուսինը «ստաժավոր» խոպանչի է` 18 տարվա փորձ ունի: Ասում է՝ Ռուսաստանի այժմյան տնտեսական վիճակի պայմաններում արտագնա աշխատանքի մեկնելը դարձել է վիճակախաղ՝ կամ կշահես, կամ էլ չէ:
«Առանց խոպան հնարավոր չէ, բայց խոպանն էլ լատարեի պես բան է՝ մի տարի շահում ես, երկրորդ տարին հնարավոր է, որ վաբշե չշահես»,-ասում է Ռուզաննան, հավելելով, որ ռուբլու ներկայիս արժեզրկումից բավական տուժել են․ «բանկից դուրս գաս՝ կպրծնի»:
Ամուսինը վերջերս է գումար ուղարկել, որ ուսումնական տարվան ընդառաջ գնումներ անեն: Սակայն ռուբլին դրամ դարձնելուց հետո Ռուզաննան միտքը փոխել է՝ պարտքերն է փակել: «Քանի որ էդ 25 հազար ռուբլին եղանակ չէր փոխում դպրոցի համար, ստիպված փոխեցի, խանութի պարտքս տվեցի, երեխաներն էլ ինչ ունին, կհագնին կերթան դպրոց»:
Պեմզաշենում ոչ միայն արտագա աշխատանքի մեկնողներն են շատ, այլև անվերադարձ արտագաղթողները: Գյուղի էլցանցի հսկիչ Զորիկ Հովհաննիսյանը ցույց է տալիս, թե միայն իր տան հարևանությամբ քանի դատարկ տուն կա:
«Էս փողոցի վրա աջ կողմի հինգ տունը մարդ չի ապրի ու յուրաքանչյուր գյուղի փողոց էս վիճակում է, սաղ Ռուսաստան են գնացել, սաղ ծերանոց է դառել էս գյուղը: Գյուղի 800 տներից հիմա 550-ում լույս կա, գյուղի մոտ 30 տոկոսը բացակայում է»,-պատմում է Զորիկ Հովհաննիսյանը:
Արտագաղթածներից մեկն էլ իր ավագ որդին է: Մյուս որդին էլ արտագնա աշխատանքի է մեկնում: Հովհաննիսյանն ասում է, որ շուտով հավանաբար իրենք էլ այդ ճանապարհը կբռնեն:
«Պեմզաշենում որը հնարավորություն ունի, կերթա, ոչ մեկն իրա ստեղծած ապրուստին չի ափսոսա, Հայաստանում մնալու իմաստը ո՞րն է, եթե չես կարողանում գոյությունդ պահպանես»:
Երկրի ղեկավարներին է դիմում՝ Սահմանադրությունը փոխելով՝ մարդկանց կյանքը չի փոխվի: Խոպանչին էլի խոպան է գնալու, արտագաղթողն էլ հեռանալու է` զարգացման հեռանկար չտեսնելով:
«Ու՞մ համար կփոխեն, թող բարի էղնին հին Սահմանադրությունը իրագործեն, որ իմ երեխեն մնա իմ տունը, Սահմանադրություն փոխելով՝ իրանց աթոռները կձգեն, էդի սաղ ժողովուրդը հասկացել ա»:
Պեմզաշենում հիմա հատ ու կենտ երիտասարդների կարելի է հանդիպել: Մեկնածների մասին էլ հարազատները պատմում են, թե ետ կգան, մի երկու ամիս կմնան ու էլի կմեկնեն, «այլ ելք չկա»: