Մատչելիության հղումներ

Պարզվել են Քաջարանի հիվանդանոցում «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է


Պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները, հաղորդում է Քննչական կոմիտեն՝ նշելով, որ կան ձերբակալվածներ, հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը:

Հունվարին «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր «հեպատիտ c» հիվանդություն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

«Կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների վարակվելու պատճառները պարզելու համար: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ընկերության տնօրենի տեղակալ Վ.Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե.Ավագյանը», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG