Մատչելիության հղումներ

Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը կոչ է անում չանտեսել Արևելքի հետ հարաբերությունները


Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանն իր արտաքին քաղաքականությունում չպետք է անտեսի արևելյան, եվրասիական ուղղությունը, մի քանի ժամ առաջ Թբիլիսիում նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Գիորգի Կվիրիկաշվիլին:

«Աշխարհում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Արևմտյան ուղղությունից բացի գոյություն ունեն նաև Արևելքի հետ հարաբերությունները: Եվրասիական տարածաշրջանում նոր զարգացումներ են տեղի ունենում, և մենք պետք է աշխատենք, որպեսզի այս բոլոր իրադարձությունները առավելագույն կերպով հնարավոր լինի ձևափոխել հօգուտ Վրաստանի՝ թե քաղաքական և թե տնտեսական հարթություններում»,- հայտարարեց Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր կեսօրին` իր նշանակման առթիվ վարչապետի նստավայրում հրավիրված հատուկ ասուլիսի ժամանակ:

Մինչ օրս Կվիրիկաշվիլին զբաղեցնում էր փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Գիորգի Կվիրկաշվիլին կպահպանի կառավարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Վրաստանի վարչապետը, իր նստավայրում հավաքված լրագրողներին ներկայացնելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավարին, նաև ակնարկեց, թե այսուհետ պաշտոնական Թբիլիսին իր դիվանագիտության մեջ կարող է տնտեսական շահերով առաջնորդվել:

«Ըստ իս՝ պարոն Գիորգի Կվիրկաշվիլին շատ հաջողակ արտգործնախարար կլինի: Նրա փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան մեզ այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնել, որն առավելապես կապակցված լինի մեր տնտեսական առաջնահերթություններին: Նման մոտեցումը հնարավորություն կտա մեզ ոչ միայն արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնել, այլև ուժեղացնել տնտեսական կապերը», - հայտարարեց Ղարիբաշվիլին:

Ուշագրավ է նաև, որ Վրաստանի վարչապետը ասուլիսի ընթացքում այդպես էլ որևէ կերպ չբացատրեց, թե որն էր 2014 թվականի աշնանից արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Թամար Բերուչաշվիլիի հեռացման պատճառը: Վրաստանի վարչապետը բավարարվեց Բերուչաշվիլիին ուղղված շնորհակալական խոսքերով:

«Ես երախտապարտ եմ Թամար Բերուչաշվիլիին լավ աշխատանքի համար: Դրա հետ մեկտեղ ես կուզեի, որպեսզի նորանշանակ նախարարն ինքը որոշեր, թե որտեղ է շարունակելու պաշտոնավարել տիկին Բերուչաշվիլին»,- նշեց Վրաստանի վարչապետը:

Վրաց փորձագետների ճնշող մեծամասնության համոզմամբ՝ արտգործնախարի փոփոխությունը և կառավարության տնտեսական բլոկի առաջատար նախարարի նշանակումը դիվանագիտական ղեկավարի պաշտոնում երկրի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի գաղափարն էր: Բանն այն է, որ նորանշանակ արտգործնախարարը 2006-2011 թվականներին զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Թբիլիսցի փորձագետների կարծիքով էլ՝ նոր նախարարի նշանակումը հազիվ թե հանգեցնի երկրի արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության:

Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեյի համոզմամբ՝ Թամար Բերուչաշվիլիի պաշտոնանկության հիմնական պատճառը նրա հարաբերություններն էին Բիձինա Իվանիշվիլիի հետ:

«Բերուչաշվիլին կարիերային դիվանագետ էր, նա ուղղակի կապի մեջ չէր «Վրացական երազանքի» հիմնադրի հետ: Նույն չես ասի Կվիրիկաշվիլիի մասին: Նորանշանակ արտգործնախարարը տարիներ շարունակ բավական սերտ անձնական շփումներ ունի Բիձինա Իվանիշվիլիի հետ»,- ասում է փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG