Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների չորս տոկոսի համար «Ամերիկան թիվ մեկ թշնամին է»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը քննարկում են «վերաբեռնավորման» հարցը, Գորկի, 9-ը մարտի, 2011թ.
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը քննարկում են «վերաբեռնավորման» հարցը, Գորկի, 9-ը մարտի, 2011թ.

Միացյալ Նահանգների հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքն անցած 25 տարում կտրուկ փոխվել է։

Եթե անցած դարի 90-ականներին ռուսաստանցիներն Ամերիկան համարել են բարգավաճման և ազատության չափանիշ, ապա նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք, ԱՄՆ-ը ռուսաստանցիների համար դարձել է անբարոյականության, նյութապաշտության և ռասայական խտրականության խորհրդանիշ։

1990 թվականի հարցումների համաձայն, ռուսաստանցիների 35 տոկոսը նշել է, որ «Ամերիկայում բարձր կենսամակարդակ է»։ 20 տոկոսը ենթադրել է, որ դա «երկիր է, որտեղ մարդն իր ջանքերի շնորհիվ անձնական հաջողություն է ապահովում»։ 15 տոկոսը կարծիք է հայտնել, որ «Ամերիկան գիտության և տեխնիկայի երկիր է», 13 տոկոսն ազատ հասարակարգի գործոնն է ընդգծել։

Հիմա ռուսաստանցիների մոտ ուրիշ տրամադրություններ են։ Հասարակական կարծիքի հետազոտման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնականում բացասական վերաբերմունք է առաջացնում։

Հարցվածների ինը տոկոսը բացասաբար է գնահատել ամերիկացիներին, երկու տոկոսը «հակակրանք, զզվանք և ատելություն է տածում»։ Չորս տոկոսն Ամերիկան համարում է ագրեսոր, նույն թվով հարցվածներ Ամերիկան համարում են «Ռուսաստանի թիվ մեկ թշնամի», երկուական տոկոս համոզված է, որ «Միացյալ Նահանգները ձգտում է դառնալ աշխարհի տիրակալը և վարում է հակառուսական քաղաքականություն»։

ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն քիչ թվով ռուսաստանցիներ. երկու տոկոսի կարծիքով, «Ամերիկան հզոր գերտերություն է»։ Մեկ տոկոսը ենթադրում է, որ «Ամերիկան հարուստ երկիր է», մեկ տոկոսի համար էլ «Ամերիկան ազատ է»։

2015 թվականին ռուսաստանցիների 15 տոկոսը համոզված է, որ «Ամերիկան բարոյական անկման երկիր է, որտեղ հանցավորության բարձր աստիճան է»։ Նույն թվով հարցվածներ ենթադրում են, որ «Ամերիկայում մարդկանց միջև չկա ջերմ հարաբերություններ»։

11 տոկոսը նշել է «հարուստների և աղքատների միջև մեծ տարբերությունը», ինը տոկոսն էլ` ռասայական խտրականության հանգամանքը։ Էլ ավելի վատ վերաբերմունք է ամերիկյան պետության նկատմամբ։

Ռուսաստանցիների 59 տոկոսի ընկալմամբ՝ «Ամերիկայի կառավարությունը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ»։

Քաղաքագետ Եվգենի Մինչենկոն «Վեդոմոստի» պարբերականին ասել է, թե ռուս-ամերիկյան հարաբերություններում երեք «մեղրամիս» է եղել. առաջինը՝ «պերեստրոյկայի» տարիներին, երկրորդը՝ կրտսեր Ջորջ Բուշի նախագահության օրոք և երրորդը` Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք։

Առաջին «մեղրամիսը» պայմանավորված էր այն հույսով, թե Ամերիկան բարեփոխումների հարցում կօգնի Ռուսաստանին, սակայն այդ ամենն ավարտվեց 90-ականների երկրորդ կեսին, երբ սկսվեց հարավսլավական պատերազմը։

Երկրորդի՝ «ձնհալի» հիմքում արմատական մահմեդական շարժումների դեմ համատեղ պայքարելու առիթն էր, բայց մերձեցումը կարճ տևեց, քանի որ սկվեց ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի Արևելք։

Երրորդ հնարավորությունը պետք է ընձեռեր «վերաբեռնավորումը», բայց դա չիրագործվեց, երբ Պուտինն ու Մեդվեդևը 2011 թվականին քաղաքական փոխատեղման եղանակով լուծեցին իշխանության հարցը։

Հիմա, ըստ Մինչենկոյի, հակաամերիկյան վերաբերմունքը գործնականում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որն ընդունում են բոլոր կուսակցություններն ու զանգվածային լրատվամիջոցները։

«Տարօրինակ կլիներ, եթե հասարակությունն այլ կերպ արձագանքեր»,- ասել է Մինչենկոն ռուսաստանցիների հակաամերիկյան դիրքորոշման մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG