Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների առումով Սահմանադրության նախագծում «նահանջ» կա


Armenia -- The draft changes to the Constitution of RA, undated.
Armenia -- The draft changes to the Constitution of RA, undated.

Սահմանադրության նախագծի՝ մարդու իրավունքների բաժնում հեղինակները մոտ երկու տասնյակ հոդվածներ են ավելացրել, որոնք, սակայն, փորձագետները, միանշանակ չեն գնահատում։

Փաստաբան Հայկ Ալումյանը մտահոգիչ է համարում նախագծում տեղ գտած դրույթները, որոնց համաձայն որոշ իրավունքներ կարող են սահմանափակվել օրենքով, կամ որ Մայր օրենքի որոշ հոդվածներ կարող են փոփոխվել խորհրդարանի կողմից։

«Եթե նախագիծն այս տեսքով ընդունվի, ապա սեփականության իրավունքի ոլորտում ևս ռիսկերը կմեծանան», - ասում է փաստաբանը՝ մանրամասնելով, որ, ի տարբերություն գործող Սահմանադրության, նախագծում նշվում է, որ մարդուն սեփականությունից կարելի է զրկել առանց դատարանի որոշման․ - «Երևում է, ահագին դժվարություններ են ունեցել մարդկանց ձեռքից բնակարանները խլելիս, ուզում են հիմա էլ դժվարություններ չունենան: Հիմա, օրինակ, եթե ուզում են պետական շահերից ելնելով, պետական կարիքների համար մարդուց հող, շենք վերցնեն, պիտի դիմեն դատարան, դատարանից պիտի վճիռ ստանան: Իրենց երևի թվացել է, որ դա բավականին մեծ բեռ է պետության համար․․․ Իսկ հիմա արդեն սեփականությունից զրկելը պարտադիր չի, որ լինի դատական կարգով․․․ Զարմանալի է, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Սահմանադրության այս փոփոխությունների մեջ, ասենք, որոշ փոփոխություններ արել են, ասենք, արագաչափերի համար»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նախագիծը համեմատում է Խորհրդային Միության սահմանադրության հետ․ - «Տարբերություն գրեթե չկա»:

Սաքունցը նշում է, որ մի շարք իրավունքներ, մասնավորապես, աշխատանքի իրավունքը նախագծում տեղ չի գտել: Պետությունը սրանով փորձում է իրենից վանել հիմնարար իրավունքների ապահովումը․ - «Սահմանադրությամբ ասում է, որ սահմանադրական նորմերի սկզբունքներն անմիջականորեն գործում են․․․ Այս նախագծով հանված է անմիջական գործողության սկզբունքը: Որոշ իրավունքներ եթե արձանագրվում են, ապա դրանց վերաբերյալ կարգավորումները ավելի անորոշ են, և սահմանափակումները շատ ավելի կոշտ են և տարածական են»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մինչդեռ, չի կիսում գործընկերների տեսակետները։ Ըստ սահմանադրագետի,մարդու իրավունքների գլխում առաջընթաց կա: Օրինակ, հնարավորություն է տրվում, որքաղաքացու ձայնը լսելի դառնա․ - «Սահմանված է, որ քաղաքացին պետք է ունենա լսված լինելու իրավունք: Այսինքն, այսօրվա պրակտիկան, երբ ոստիկանությունը, առանց քաղաքացուն տեղեկացնելու, միանգամից վարչական տույժը որոշում և ուղարկում է հարկադիր, քաղաքացուն դեմ է: Այսուհետև որոշում չկայացնեք նրան իր գույքից զրկելու մասին»:

Ղազարյանը միաժամանակ ընդունում է, որ սեփականության իրավունքի մասով որոշակի նահանջ կա, բայց նշում է՝ նախագծի հեղինակները այն հակակշռել են՝ հնարավորություն տալով քաղաքացուն հարցը վիճարկել դատարանում․ - «Կես քայլ նահանջ է: Բայց դրա դեմ հակակշիռ կա, որ առանց քաղաքացուն այդ մասին ասելու, իրավունք չունես իրեն գույքից զրկելու»:

XS
SM
MD
LG