Ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովը այսօր ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։
«Այսօր ժամը հինգին նա Երևանից ժամանել է Մոսկվա և պետական սահմանը անցնելուց հետո ձերբակալվել է»,- ՏԱՍՍ-ին է փոխանցել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը։
Փաստաբանը հավելել է, որ հավանաբար գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման հետ։
Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեության պատճառով Ստերիգովի նկատմամբ «Ինտերպոլ»-ով հետախուզում էր հայտարարել։ Փաստաբան Հայրապետովը օգոստոսի 23-ին հայտնել էր, որ «Ինտերպոլ»-ը բավարարել է Ստերլիգովի պաշտպանական կողմի բողոքը և դադարեցրել է նրա նկատմամբ հետախուզումը՝ համարելով, որ գործարարի հետապնդումը Ադրբեջանի կողմից քաղաքական դրդապատճառներ ունի։