Ուկրաինայի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության բարեփոխումը, որը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում։
Լսումների ընթացքում Գերագույն ռադայի շենքի մոտ` Սահմանադրության հրապարակում, հավաքվել են մի քանի հարյուր արմատական ընդդիմադիրներ, տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք վերաճել են արյունալի բախումների։
Արմատական ընդդիմադիր ակտիվիստի նետած մարտական նռնակի պայթյունից սպանվել է առնվազն մեկ զինծառայող, վնասվածքներ են ստացել շենքը պաշտպանող Ազգային գվարդիայի և ոստիկանական ջոկատի մոտ հարյուր զինծառայողներ։
Այդ նռնակի պայթյունից, շշերից, փայտերից և փոքրիկ պայթուցիկներից տուժել են նաև մեծ թվով ցուցարարներ։
Ըստ Կիևի ոստիկանության հաղորդագրության, մարտական նռնակը նետած անձը ձերբակալվել է և այս պահին ցուցմունքներ է տալիս։ Բերման են ենթարկվել արմատական ևս երեք տասնյակ ցուցարարներ։
Թեժ մթնոլորտ էր նաև բուն խորհրդարանում, որտեղ «Ռադիկալ» կուսակցությունից և «Սվոբոդա»-ից ընտրված պատգամավորները արգելափակել են ամբիոնը, իսկ այդ մարտավարությունը խափանելու համար նրանց հետ կռվի մեջ են ներքաշվել «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» ներկայացնող օրենսդիրները։
Գերագույն ռադայի փոխխոսնակ, նախագծի աջակից Անդրիյ Պարուբին խորհրդարանում ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատվություն դրսևորել և կանխել պառակտումը։
Ըստ բարեփոխման օրինագծի, պետք է ընդունվի օրենք, որը «կարգավորելու է Դոնեցկի և Լուգանսկի ինքնակառավարման յուրահատկությունները»։
Արմատական ընդդիմության համոզմամբ, բարեփոխումները սպառնում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։
Ցուցարար Իվան Կիրիչենկոն հայտարարել է, թե բարեփոխման արդյունքում Ռուսաստանի հետ սահմանը բաց կմնա, Ուկրաինան ստիպված կլինի վերակառուցել և զարգացնել Վլադիմիր Պուտինի և անջատականների գործողությունների հետևանքով ավերված Դոնբասը։
«Ես հարց ունեմ` ինչո՞ւ երկրի կենտրոնի, արևմուտքի և արևելքի երիտասարդ հայրենասերները պետք է կերակրեն Դոնբասի անջատականներին»,- ասել է ցուցարարը։
Նախագահ Պետրո Պորոենկոն արևմտյան երկրների ճնշումների արդյունքում այս տարվա հուլիսի 15-ին է Գերագույն ռադա ներկայացրել սահմանադրության բարեփոխման նախագիծը, որը նախատեսում է Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու շրջանների համար ինքնավարության որոշակի աստիճան։
Արևմուտքն ամիսներ շարունակ Կիևին հիշեցրել է, որ ինքնավարության դրույթը ներառված է Մինսկում փետրվարին կնքված համաձայնագրում։ Հաջորդ նիստում օրինագիծն ընդունելու համար նախագահ Պորոշենկոյի աջակիցներին անհրաժեշտ է առնվազն 300 քվե։
Այսօր երեկոյան Պորոշենկոն մտադիր է հատուկ ուղերձով դիմել ժողովրդին։