Մատչելիության հղումներ

«Մարտի 1-ի» սպանությունների գործերի քննության ձգձգումը Եվրադատարանում «տարակուսելի է»


Հայաստան -- Այրվող ոստիկանական մեքենա Գրիգոր Լուսավորչի փողոցում, Երևան, 1-ը մարտի, 2008թ․
Հայաստան -- Այրվող ոստիկանական մեքենա Գրիգոր Լուսավորչի փողոցում, Երևան, 1-ը մարտի, 2008թ․

2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը նշում է, որ Եվրադատարանում Մարտի 1-ի գործով տեղաշարժ է նկատվել միայն Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո:

2011-ի մայիսին ուղարկված 9-ը բողոքները մինչև այս տարվա փետրվար, այսինքն մոտ 4 տարի, լռության են մատնված եղել, ասում է փաստաբանը:

«Մարտի 1-ի գործերով Եվրոպական դատարանում շարժը սկսվեց այն բանից հետո, երբ տիկին Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց և դեռ նոր դատավորն էլ չի մտել իր պաշտոնական լիազորությունների իրականացման շրջան: Ես պարտավոր եմ այս փաստը արձանագրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահե Գրիգորյանը:

Ընդգծելով, որ կյանքի իրավունքի խախտման գանգատները Եվրադատարանում առաջնահերթ քննության գործերից են և շատ դեպքերում դիմումների ընդունումից մինչև վճռի կայացումը տևում է ընդամենը 1,5-2 տարի՝ փաստաբանը «տարակուսելի» որակեց Մարտի 1-ի սպանությունների գործերով նման դանդաղ ընթացքը։

Վահե Գրիգորյանը հնարավոր պատճառներից մեկը համարեց «դասակարգման ընթացքում գործերին տրվող կարևորությունը», ընդգծելով, որ «նման հարցեր լուծելիս ազգային դատավորի խոսքը շատ ազդեցիկ է լինում»:

«Բոլոր նման կարևոր հարցերով ազգային դատավորի հետ խորհրդակցում են և ազգային դատավորի խոսքը շատ ազդեցիկ է և ազգային դատավորն է որոշ հարցերում ունենում վճռորոշ դիրքորոշում: Ենթադրում եմ, որ ազգային դատավորի կողմից արտահայտված դիրքորոշման հետևանքներից մեկն էլ սա է եղել, որ այսքան ձգձգվել է այս գործերով ընթացքը», - նշեց Վահե Գրիգորյանը:

Ալվինա Գյուլումյանը Եվրադատարանում դատավոր էր 2003-ից, նրա լիազորությունները դադարեցվեցին անցած տարեվերջին:

Փաստաբան Վահե Գրիգորյան
Փաստաբան Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյանը խոսուն համարեց մեկ այլ փաստ ևս․ - «Երբ Հայաստանից ընտրված դատավորի, որոշ գործերին մասնակցության անհնարինության պատճառով ad hoc դատավոր էր նշանակվել Հոլանդիայից ընտրված դատավորը, այդ գործերի միջին տևողությունը, կոնկրետ հոլանդացի դատավորի նշանակման պահից, մի քանի անգամ իր արագությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետությունից ընտրված դատավորի մասնակցությամբ քննված գործերի միջին տևողությանը: Ես շեշտում եմ՝ մի քանի անգամ»:

Մարտի 1-ի գործերով ընդհանուր առմամբ մոտ 6 տասնյակ գանգատ է ուղարկվել Եվրադատարան, առայժմ որևէ վճիռ չի կայացվել: Վահե Գրիգորյանն ընդգծում է՝ կալանքի գործերով մի շարք վճիռների համար առանցքային է սպանությունների վերաբերյալ Եվրադատարանի դիրքորոշումը։ Այսինքն՝ այս գանգատների քննության դանդաղ ընթացքը խոչընդոտում է նաև մյուսներին։

«Ըստ էության, այդ ամբողջ բլոկը դանդաղեցված սպասում է, մինչև հիմնական՝ առանցքային գործով դատարանի դիրքորոշմանը», - նշեց փաստաբանը:

Մարտի 1-ի զոհերի ծնողները տարակուսած են՝ մի՞թե Հայաստանի պաշտոնյաները կարող են միջամտել նաև Եվրադատարանի գործերին։ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը, ասում է՝ բարոյական չէ անմեղ երիտասարդների կամ որբացած երեխաների հայրերի սպանության գործերը ձգձգելը: - «Մեր իշխանությունների ձեռքերը շատ երկար է, գուցե այնտեղ էլ է հասնում», - նկատում է որդեկորույս մայրը:

Եվրադատարանում Հայաստանից ընտրված արդեն նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը մեզ հետ հեռախոսազրույցում անհիմն համարեց Վահե Գրիգորյանի կասկածները, նշելով, որ ազգային դատավորը չի կարող միջամտել գանգատների քննության ընթացքին։ Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» սպանությունների գործերին, նա նշեց․ - «Եթե Հայաստանի Կառավարությունը անընդհատ տեղեկացնում էր, որ նախաքննությունը դեռ շարունակվում է, ի՞նչ պետք է աներ Եվրադատարանը»։

Միջազգային իրավունքի մասնագետ, Ալվինա Գյուլումյանի լիազորությունների ավարտից հետո ազգային դատավորի թեկնածուներից՝ Արա Ղազարյանը մեզ հետ զրույցում «նորմալ» համարեց Մարտի 1-ի գանգատների շուրջ ստեղծված վիճակը՝ վկայակոչելով Եվրոպական դատարանի ծանրաբեռնվածությունը:

«Եվրոպական դատարանի վարույթային պայմաններում դա նորմալ է: Գործ կա, որ Եվրոպական դատարանը 20 տարի հետո է անդրադարձել, 30 տարի հետո է անդրադարձել: Ես տեղյակ եմ, որ Եվրոպական դատարանում արդեն առաջնահերթ գործերի հերթ էլ է գոյացել: Դա միայն Հայաստանին չի առնչվում: Ես էլ ունեմ կարևոր գործեր, այդ թվում նաև Ադրբեջանի բանտում Սարիբեկյանի սպանության գործը: Նույնպես կարևոր գործ է, բայց բացարձակապես որևէ նորություն չկա», - նշեց Ղազարյանը:

Վահե Գրիգորյանն ասում է՝ Մարտի 1-ի սպանությունների գործերով Եվրադատարանի վճիռները անհետևանք չեն մնալու, և դա իշխանությունները լավ գիտեն։ Նախ, եթե ճանաչվի զոհերի կյանքի իրավունքի խախտման փաստը, Հայաստանի Հանրապետությունը բացի ընտանիքներին գումարային փոխհատուցումից, պարտավոր է լինելու արդյունավետ քննություն իրականացնել և բացահայտել մեղավորներին՝ կրակողներից մինչև հրաման տվողներ։ Բացի այդ, այլևս հնարավոր չի լինի կեղծել պատմությունը։

XS
SM
MD
LG