Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Վարդան Գևորգյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երեկ ուշ երեկոյան «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ից ահազանգ էր ստացվել, որ ժամը 20:00-ի սահմաններում, «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա Վարդան Վահանի Գևորգյանը, ով գիտակցության չգալով մահացել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ Ս.Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է դանակով հարվածել Վարդան Գևորգյանին: Ս.Գևորգյանին պատկանող ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: