Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ին նախաձեռնությունը վերսկսելու է փողոցային պայքարը


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ Միհրան Ավագյանը (ձ), Արտուշ Չիբուխչյանը (կ) և Արթուր Քոչարյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը: 28-ը օգոստոսի, 2015 թ․
«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ Միհրան Ավագյանը (ձ), Արտուշ Չիբուխչյանը (կ) և Արթուր Քոչարյանը (ա) լրագրողների հետ հանդիպմանը: 28-ը օգոստոսի, 2015 թ․

Նախաձեռնության անդամները փակագծերը չեն բացում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը։

Բաղրամյան պողոտան մոտ տասն օր փակած «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 1-ից կրկին կանցնեն քաղաքաղաքացիական անհնազանդության գործողությունների՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով։

«Մենք տեսանք, որ խնդիրները լուծվում են միայն փողոցում: Մինչև չճնշես իրենց, իրենք ոչ մի խնդիր չեն լուծի», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր փոխանցեց նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանը:

Ակտիվ պայքարի վերադառնալու հիմնական պատճառը ձեռներեցներին այս օրերին ուղարկվող պայմանագրերն են. ՀԷՑ-ը տնտեսվարողներին պարտավորեցնում է էլեկտրաէներգիայի համար վճարել բարձրացված սակագնով՝ մեկ կիլովատտ/ժամը՝ 48 դրամ։

«Փոքր ու միջին ձեռնարկատերերին կոչ ենք անում ոչ մի դեպքում չստորագրել նման համաձայնագիր, նման փաստաթուղթ», - նշեց Չիբուխչյանը:

«Կոչ ենք անում ոչ մի դեպքում չստորագրել ու փողոց դուրս գալ: Որովհետև ստորագրելով կուտենք իշխանությունների կուտը», - ասաց Չիբուխչյանը:

Քանի որ նրանց արտադրանքն է թանկանալու, ժողովրդի վրա է ազդելու», - հավելեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Միհրան Ավագյանը:

Նախաձեռնության անդամները փակագծերը չեն բացում, թե ինչ գործողությունների կդիմեն այս անգամ՝ միաժամանակ չբացառելով Բաղրամյանը կրկին փակելու տարբերակը։

«Մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Այստեղ ոչ մի խոսք չկա խոշոր, փոքր և միջին ձեռնարկատերերին չսուբսիդավորելու մասին», - նշեց Չիբուխչյանը:

Մեջբերելով Սերժ Սարգսյանի այս խոսքերը՝ ակտիվիստները հայտարարում են, որ Բաղրամյան պողոտայից հեռացան, քանի որ հավատացել էին նախագահի հայտարարությանը, բայց հիմա արդեն զղջում են​:

«Հասկացանք, որ ուղղակի խաբկանք է: Սերժ Սարգսյանը ուղղակի խաբեց ժողովրդին: Ու դրա պատասխանը պետք է տանք փողոցում: Սերժ Սարգսյանը ուզում է թանկացնել հոսանքը, ինքը չի ուզում լուծել այս խնդիրը», - ասաց Արտուշ Չիբուխչյանը:

«Ժողովրդի մեջ կար մի մասսա, որ թեկուզ մեզ խորհուրդ էին տալիս՝ մասնակցեք աուդիտին, գնացեք նրա հետ բանակցությունների: Սա փաստ է արդեն: Արդեն նաև այդ մարդիկ կարող են համոզվել», - հավելեց նախաձեռնության անդամ նշեց Արթուր Գրիգորյանը:

«Մենք մասնագետ չէինք, աուդիտը չէինք հասկանում ինչ է․․․ Հիմա հասկացանք, հասկացանք, որ ոչ մի օգուտ չի տալու, բացարձակ մեզ խաբել են: Ու նորից դուրս ենք գալու փողոց», - հավելեց նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Միհրան Ավագյանը:

Մինչ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը քաղաքացիական անհնազանդությունների է պատրաստվում, հացի արտադրամասի տնօրենը Աշոտ Աֆյանը արդեն սպասվող վնասներն է հաշվարկում․ - «Ամիսը մոտ 30 հազար դրամի կարգի ավելի թանկ եմ վճարելու»:

Թակացումը լրացուցիչ բեռ է, գործարարը երկընտրանքի առջեւ է. կա՛մ պիտի հացը թանկացնի, կա՛մ սեփակյան եկամուտները նվազեցնի․ - «Հացի գնի վրա, ինձ թվում է, փոփոխություն չի լինի՝ մեր եկամուտների հաշվին»:

Ի դեպ, բնակչության համար էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը կսուբսիդավորի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում խորհրդատվական ծառայության ավարտը: Ուսումնասիրությունները դեռ չեն սկսվել, մեկնարկի օրն էլ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դժվարանում է նշել․ - «Որքան ես տեղեկացված եմ, աշխատում են պայմանագրի որոշ կետերի վրա, իրավական ձևակերպումներ կան, որոնք ճշգրտում են: Կարծում եմ, այս շաբաթվա վերջին կստորագրվի պայմանագիրը, և ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա առաջին օրերին մենք կունենանք հյուրեր՝ խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին, և կսկենք համատեղ աշխատանքը»:

Հստակ է, սակայն, որ մինչև օրս կառավարությունը որոշում չի կայացրել, թե ինչ միջոցներով է պատրաստվում սուբսիդավորել հոսանքի թանկացումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG