Մատչելիության հղումներ

Էստոնիան հայտարարում է Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու մասին


Ցանկապատի շինարարական աշխատանքները կսկսվեն 2018 թվականին։

Նոր պատեր Եվրոպայում. Էստոնիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ է կառուցելու պաշտպանելու համար իր երկրի, ինչպես նաև Շենգենյան գոտու անվտանգությունը։

Էստոնիայի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թոմաս Վիկսը, France-Presse-ին ասել է, որ ցանկապատի շինարարական աշխատանքները սկսվելու են 2018 թվականին և հաջորդ տարի՝ 2019-ին, նախատեսվում է ավարտել այն։

Ըստ էստոնիայի սահմանապահ ծառայության, 2.5 մետր բարձրությամբ փշալարերով ցանկապատի երկարությունը կազմելու է մոտավորապես 110 կիլոմետր։

Ռուսաստանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու հայտարարությունը հաջորդում է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված տարածաշրջանային լարվածությանը։ Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, անհանգստացած են Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանի գործողություններից, որտեղ 2014 թվականի ապրիլից սկսած ռուսամետ անջատականները կռվում են ուկրաինական կառավարական զորքերի դեմ։

Մինչ Էստոնիան, Եվրամիության մեկ այլ երկիր՝ Հունգարիան, ևս հայտարարել էր պատ կառուցելու նախաձեռնության մասին։ Այս դեպքում բոլորովին ուրիշ պատճառով՝ անօրինական միգրանտների հոսքի դեմը փակելու համար։ Հունգարիան հայտարարել է, Սերբիայի սահմանին ցանկապատ կառուցելու մտադրության մասին։ Տասնյակ հազարավոր փախստականներ, անօրինական միգրանտներ Սերբիայից Հունգարիա են մտնում կամ Եվրոպական այլ երկրներ։ Սա անօրինական միգրանտների հիմնական ճանապարհներից մեկն է։ Հունգարիայի արտգործնախարարը ասել էր, թե կարող է սպասել մինչև Բրյուսելը լուծի անօրինական միգրանտների խնդիրը։ Հունգարիա-Սերբիա սահմանի պատը, ըստ նախագծի, պետք է 175 կիլոմետր լինի։

Եվ վերջապես, Թուրքիան է Սիրիայի հետ սահմանին պատ կառուցում։ Այս նախագծի մասին Թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բետոնե պատը մոտավորապես 2.5 մետր բարձրություն է ունելու, երկարությունը առայժմ 45 կլիոմետր, որից 12 կիլոմետրը նախատեսվում է ավարտել առաջին փուլում։

Նաև ավելացնենք, որ ըստ տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների, հայ-ադրբեջանական հակամարտության սահմանային միջադեպերի պատճառով, սահմանին մոտ գտնվող թե՛ դրբեջանական, թե՛ հայկական որոշ գյուղերի դպրոցները կամ բնակելի տները հրետակոծությունից պաշտպանելու համար պատեր են կառուցվում, կամ առնվազն հայտարարվում է պատեր կառուցելու նախաձեռնության կամ մտադրության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG