Մատչելիության հղումներ

Արտահերթ ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան նոյեմբերի 1-ին


Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է ընտրությունների անցկացման օրը՝ նոյեմբերի 1-ը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը արտահերթ ընտրությունների որոշում կայացնելուց հետո այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ժամանակավոր կառավարության կազմավորման հանձնարարական է տվել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանի ու Դավութօղլուի հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական պալատում և տևել շուրջ մեկուկես ժամ:

Թուրքիայի սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն, Դավութօղլուն առաջիկա 5 օրերի ընթացքում պետք է ժամանակավոր կառավարություն ձևավորի, որը կղեկավարի երկիրը մինչև արտահերթ ընտրությունները:

Ավելի վաղ, սակայն, ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջնորդները հրաժարվել էին մաս կազմել ժամանակավոր կառավարությանը: Իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը այսօր ևս հայտարարել է, որ իրենք օգտագործելու են կառավարության մեջ ներկայացված լինելու իրենց իրավունքը:

Արդյունքում ժամանակավոր նախարարական կաբինետը կազմվելու է ԱԶԿ և ԺԴԿ կուսակցությունների ներկայացուցիչներից և անկախ պատգամավորներից: Վերջիններս ստանձնելու են արդարադատության, ներքին գործերի և տրանսպորտի նախարարների պաշտոնները:

Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ և կոալիցիոն կառավարություն կազմել: Օրերս նախագահ Էրդողանը արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացրեց:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը այսօր հաստատել է ընտրությունների անցկացման օրը՝ նոյեմբերի 1-ը:

XS
SM
MD
LG