Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում «Ազատության» ձերբակալված թղթակցին անգամ փաստաբան չեն տրամադրում


Սափարմամեդ Նեպեսկուլիև, արխիվ
Սափարմամեդ Նեպեսկուլիև, արխիվ

Սափարմամեդ Նեպեսկուլիևը ձերբակալվել է հուլիսի 7-ին։ Մեկուսարանի ղեկավարներն ասել են, որ լրագրողին բերման են ենթարկել թմրանյութեր պարունակող հաբերի համար։

Թուրքմենստանում «Ազատություն» ռադիոկայանի ձերբակալված թղթակցի մայրն ասել է, որ հուլիսից հետո, երբ իր որդին՝ Սափարմամեդ Նեպեսկուլիևը, ձերբակալվել է, մինչև հիմա նրան չի տեսել։

Ռաիսա Նեպեսկուլիևան երկուշաբթի օրը «Ազատության»-ն ասել է, որ մեկուսարանում մերժում են անգամ սնունդ ընդունել իր որդու համար, մերժում են նաև փաստաբան տրամադրելու խնդրանքը։

«Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից, 35-ամյա Սափարմամեդ Նեպեսկուլիևը հուլիսին մեկնել էր Կասպից ծովի հանգստավայր՝ Ավազա բնակավայրը, հաղորդում պատրաստելու համար։

Հուլիսի 7-ին նա տուն էր զանգել ու ասել, որ վերադառնում է, բայց անհետ կորել էր։ Նրա հարազատները պարզել էին, որ նա գտնվում է Ավազային մոտ գտնվող Ագդաշ բնակավայրի մեկուսարանում։

Մեկուսարանի ղեկավարները Նեպեսկուլիևի հարազատներին ասել են, որ նրան բերման են ենթարկել թմրանյութեր պարունակող հաբերի համար։ Սակայն նրա մայրը և գործընկերները հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ թմրանյութերի հետ կապված նա երբեք որևէ խնդիր չի ունեցել։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, Թուրքմենստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել Նեպեսկուլիևին, կամ առնվազն նրան փաստաբան ընտրելու հնարավորություն տալ։

ԱՄՆ-ի պետքարտուղարի Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների հարցերով օգնական Նիշահ Բիսվալն, օգոստոստի կեսերին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության (Radio Azadliq) հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ-ի արձագանքն արդեն փոխանցվել է Թուրքմենստանի իշխանություններին։

«Անկախ մամուլն ուժեղ և կայուն քաղաքացիական հասարակության հիմնական սյուներից մեկն է։ Այս հարցով մենք զբաղվում ենք ոչ միայն Կոնտրոնական Ասիայում, այլև աշխարհի մյուս երկրներում՝ կոչ անելով պաշտպանել մամուլի ազատությունը և ապահովել լրագրողների անվտանգությունը», - ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG