«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել՝ BBC-ին մեղադրելով «ՔԲԿ-ի քարոզչություն անելու մեջ»:
«Մի շարք երկրների, այդ թվում Եվրամիության կողմից որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված այս կառույցի վերաբերյալ նմանօրինակ հրապարակումները բացեիբաց աջակցություն են ահաբեկչությանը։ Սա մեզ համար պարզապես անընդունելի է», - ասված է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Պաշտոնական Անկարան նաև BBC-ին կոչ է արել հիշել թուրքերի մոտեցումը, երբ Հյուսիսային Իռլանդիայում Իռլանդական հանրապետական բանակը հարձակումներ էր գործում ոստիկանական բաժանմունքների վրա։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է, որը հանդես է գալիս թուրքական պետականության և Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ։
Սկանդալի պատճառ դարձած հրապարակման մեջ BBC-ին ներկայացրել է սարերում ապրող քուրդ գրոհային կանանց առօրյա կյանքը և նշել․ «Արդեն 30 տարի է, ինչ ՔԲԿ-ն պայքար է մղում թուրքական կառավարության դեմ: Թուրքիայի, ինչպես նաև մի շարք արևմտյան երկրների կողմից ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է համարվում, սակայն այժմ այն առանցքային դեր է խաղում «Իսլամական պետության» դեմ պայքարում»։
Վերջին շրջանում արևմտյան և, մասնավորապես, բրիտանական մամուլը լայնորեն անդրադառնում է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակին և թուրք-քրդական բախումներին։ Բրիտանական պարբերականները լուսաբանում են քուրդ զինյալների գործունեությունը, հարցազրույցներ հրապարակում քուրդ գրոհայինների և նրանց առաջնորդների հետ, պնդում են, թե Թուրքիան ներքաղաքական պատերազմի շեմին է կանգնած, իսկ նախագահ Էրդողանին որակում են «ինքնահավան գործիչ»։