Գյումրիի քաղաքապետարանն այսօր շիրակցի գործարարներին հրավիրել էր քննարկելու շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի առաջարկը՝ մարզում 10 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
Սփյուռքահայ գործարարի առաջարկի մասին երկու շաբաթ առաջ հայտարարել էր Գյումրի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սրմաքեշը, մասնավորապես, առաջարկել է շիրակցի գործարարներին տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր տրամադրել:
Հանդիպումը նախաձեռնած Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործարարներին հորդորեց ծրագրեր ներկայացնել թե՛ բիզնես գործունեություն ծավալելու, և թե՛ արդեն իսկ գոյություն ունեցողները զարգացնելու համար:
Նախկինում այսպիսի խոստումների մասին մի քանի անգամ լսած, բայց դրանց արդյունքն այդպես էլ չտեսած գյումրեցիները, սակայն, այս անգամ էլ էին թերահավատ:
«Այնքա՜ն են կանչել․․․ ոչ մի անգամ մի օգուտ չեն տվել: Այսօր մեզ պետք է նոր մեքենա-սարքավորումներ գնել: Եթե կարող եք՝ օգնեք մեզ, վարկը պետք է», - նշեց գործարար Ռոբերտ Զաքարյանը, - «Թե չէ՝ ի՞նչ: Խոսում ենք, այդպես անցնում գնում է»:
Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր նաև կարճ ժամանակում 300 նոր աշխատատեղ ստեղծել և դիմելով գյումրեցիներին՝ հարցրել էր՝ «կառավարությունը ի՞նչ պետք է անի»: Շիրակցի գործարարներն այսօր Գյումրիի քաղաքապետարանում կազմակերպած հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ նոր աշխատատեղեր հնարավոր է ստեղծել միայն հարկային արտոնությունների տրամադրմամբ:
«Ես ուսումնասիրել եմ երկրները, որոնք հայտնվել են մեր վիճակում: Ասենք՝ Կորեան է, Գերմանիան է՝ Երկրորդ համաշխարհայինից հետո: Իրենց մոտ պետությունը լուրջ քայլեր է կատարել, հարկային արտոնություններ է տվել: Եթե մենք ուզում ենք արտադրություն զարգացնել, պիտի գումարը տանք ու ասենք՝ վերցրե'ք, ստեղծե'ք արտադրություն: Անհատույց տանք այդ գումարը, բայց ակնկալելով, որ այդքան աշխատատեղ կստեղծվի: Սրանք լուրջ հարցեր են, որ պետությունը պիտի քննարկի», - նշեց գործարար Կարեն Գոմցյանը:
Շիրակի մարզի գործարարների միության նախագահ Կարապետ Ներսիսյանն էլ պնդեց, որ մայրաքաղաքից 120 կիլոմետր հեռավորությունը իրենց համար հավելյալ դժվարություններ է ստեղծում:
«Երևանում նույն անշարժ գույքը գնահատվում է 100 դոլար, Գյումրիում՝ 30 դոլար: Եթե այդ հսկայական տարբերությունը կա, եկեք գոնե մի չնչին էլ հարկերի տարբերություն դնենք», - նշեց նա:
Հայաստանի ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, գործարարները մի քանի տարի է՝ կառավարությունից հարկային արտոնություններ են ուզում բիզնեսը զարգացնելու համար: Կառավարությունը, մինչդեռ, մերժում է, պատճառաբանելով, թե կոռուպցիոն ռիսկեր կարող են ի հայտ գալ: Մինչ այդ՝ հանրապետության երկրորդ քաղաքում հիմնական աշխատատեղերն ապահովում են փոքր ու միջին բիզնեսը։ Խոսքը վերաբերում է հատուկենտ թեթև արդյունաբերության արտադրամասերին՝ ամենաշատը մի քանի հարյուր աշխատատեղերով, և սպասարկման ոլորտին, որտեղ մի օբյեկտը բացվում է, մյուսը՝ փակվում: