Մատչելիության հղումներ

Պուտինի աշխատակազմը 3 միլիոն դոլարի նոր ավտոմեքենաներ ձեռք կբերի


BMW X6 ավտոմեքենա, արխիվ
BMW X6 ավտոմեքենա, արխիվ

Կրեմլում բացատրել են, թե ճգնաժամը ամենևին էլ չի նշանակում, որ պաշտոնյաները պետք է հին մեքենաներով երթևեկեն:

Չնայած այսօր Ռուսաստանում առկա տնտեսական ճգնաժամին և երկրի տնտեսության համար բացասական կանխատեսումներին, նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը որոշել է թարմացնել ավտոմեքենաները:

Խոսքը 140 նոր մարդատար մեքենաների մասին է, որոնց պաշտոնապես հայտարարված արժեքը պետք է կազմի 200 միլիոն ռուբլի, ինչը այսօրվա փոխարժեքով կազմում է շուրջ 3 միլիոն դոլար: Ու թեև նշված չէ, թե ինչ մեքենաներ են ձեռք բերվելու, մասնագետները գրում են, որ փաստաթղթում նշված չափանիշները համապատասխանում են BMW և Ford ավտոմեքենաներին, և ընդհանրապես՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը գերադասում է այս գերմանական և ամերիկյան ավտոմեքենաները: Ճիշտ է, պաշտոնյաները մտադիր են գնել Ռուսաստանում արտադրվող BMW-ներն ու Ford-երը:

Կրեմլում բացատրել են, թե ճգնաժամը ամենևին էլ չի նշանակում, որ աշխատակազմի պաշտոնյաները պետք է հին մեքենաներով երթևեկեն: Ավտոմեքենաները ռուսաստանցի պաշտոնյաները փոխում են երկու տարին մեկ:

«Սա պլանավորված գնումներ են, նախագահի աշխատակազմի ավտոմեքենաները թարմացվում են ամեն տարի», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ասել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Վիկտոր Խրեկովը:

Ընդհանուր առմամբ, աշխատակազմի համար ծառայում է շուրջ 3 հազար ավտոմեքենա, մեծամասամբ՝ գերմանական:

Հավելենք, որ բոլորովին վերջերս ռուսական ինտերնետի ամենաքննարկվող թեմաներից էին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանիքն ու նրա չափազանց թանկարժեք ժամացույցը: Պեսկովը, սակայն, հայտարարել է, որ այդ ժամացույցը կնոջ՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի նվերն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG