Մատչելիության հղումներ

Տարեց գորիսեցի․ «Մի հոգի ամբողջին ստրուկ ա պահում»


Գորիսեցիները շեշտում են, թե միայն տարեցները կարող են քիչ թե շատ ազատ խոսել մարզում տիրող վախի մթնոլորտի մասին։

Գորիսի դրամատիկական թատրոնի նկարիչ Համլետ Թադևոսյանին անգամ արվեստագետի իր հմտությունները չեն բավարարում նկարագրելու Սյունիքում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ կարգեր են հաստատել ու պարտավորեցնում են ենթարկվել դրանց․ - «Գորիսում ամեն ինչ դասավորված է հերթական ձևով․ խանը դրել է իր մարդկանց՝ ամեն ինչ պետք է լինի այսպես, բոլորդ պետք է ենթարկվենք: Եթե չես ենթարկվում կանոններին, դու ուրեմն փչացած մեխանիզմ ես, քեզ կհանեն, ուրիշին կդնեն: Գնա՛ չլվիր, աշխարհով մեկ գնա՛, թափառի՛ր»:

Գորիսեցի մեր զրուցակիցը խոսեց, բայց՝ մտավախությամբ, թե կարող է կորցնել իր առանց այն էլ ցածր վարձատրվող աշխատանքը։ Հիշում է՝ նախորդ նախագահական ընտրություններից հետո ինչպես էին արգելում մարդկանց գնալ քաղաքի կենտրոն՝ հանդիպելու ընդդիմադիր քաղաքական գործիչներին․ - «Չգնա՛ք և վերջ։ Կամ մի րոպե։ Հիմա որ ասում են խոսքի ազատություն գոյություն ունի, կա՞։ Խոսքի ազատություն գոյություն չունի։ Խոսել՝ կխոսես, բայց հետո կպատժվես։ Հիմա, որ ես էսքանը ասացի, չգիտեմ ինչպես կանդրադառնա իմ հետագա աշխատանքի վրա։ Աշխատանք էլ ո՞րն ա։ Մի հատ քրչոտ աշխատանք են տվել»։

Գորիսեցի տարեց մեկ այլ զրուցակից, ով չցանկացավ ներկայանալ, շշուկով խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին։ Նկատի ունենալով մարզպետին ու նրա մերձավորներին վերագրվող հանցավոր պատմությունները՝ շեշտեց, թե մարզպետի մերձավորներին Գորիսում թույլատրված է ամեն ինչ՝ հասարակ «գորիսեցիներին ստրկացնելու համար»․ - «Մի հոգի ամբողջին ստրուկ ա պահում։ Ոչ մեկը չեն կարում խոսեն առաջին։ Ինչ ուզում ա՝ անում ա։ Կարա լյուբոյ մարդու վերացնի, լյուբոյ մարդու ճնշի»։

Զրուցակիցս խոսքը դեռ չէր ավարտել, երբ նկատեց, որ «գոլդ» համարանիշով մի «Մերսեդես» ավտոմեքենայից հետևում են մեր զրույցին։ «Մարզպետի կողմնակիցներից է», - կրկին շշուկով ասաց տարեց գորիսեցին․ - «Կանգնել ա՝ լսում ա։ Իրանց մարդիկ են»։

Գորիսեցիները շեշտում են, թե միայն տարեցները կարող են քիչ թե շատ ազատ խոսել մարզում տիրող վախի մթնոլորտի մասին։ Շատերը, որպես կանոն, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի մասին հարցերին հրաժարվում էին պատասխանել։

«Ես էդ հարցով չեմ կարա ոչ մի բան ասեմ։ Ինձ չվերաբերող հարցեր են դրանք»։ «Նորից եմ ասում՝ այդ թեմայի մասին մի խոսեք։ Ընդհանրապես ինձ չի հետաքրքրում։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին»․ այսպիսի պատասխաններ էինք ստանում երիտասարդ ու միջին տարիքի գորիսեցիներից:

Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, սակայն, համաձայն չէ, թե Սյունիքում վախի մթնոլորտ կա։ Ըստ նրա, այդ կարծիքը Երևանում է ձևավորվել ու ոչ մի կապ չունի իրականության հետ․ - «Որտե՞ղ եք դուք տեսել վախի մթնոլորտ։ Ես այդպիսի մթնոլորտ ոչ մի տեղ չեմ տեսել։ Որտե՞ղ եք տեսել վախեցած մի մարդ։ Ոչ մեկն էլ չի վախենում։ Դա Երևանում ինտելիգենցիայի ստեղծած, այն գենդերներ ուտող ինտելիգենցիայի ստեղծած պատկերներն են, որ կա վախի մթնոլորտ, դիկտատուրա կա։ Եթե վախի մթնոլորտ լինի, ցանկացած հարցում ցանկացած սյունեցի չի ապավինի Սուրիկ Խաչատրյանի ուժին, հեղինակությանը և օգնությանը»։

Ոմանք էլ կաշկանդվում էին խոսել, քանի որ, իրենց իսկ խոսքով, անձամբ մարզպետից օգնություն էին ստացել։ Բայց հստակ չգիտեին՝ Սուրիկ Խաչատրյանն այդ գումարները սեփական գրպանի՞ց, թե՞ մարզպետարանի բյուջեից է նվիրաբերել։

«Ես էդ մարդուց վատ բան չեմ տեսել։ Նաաբարոտ, էդ քյասիբներին, բանին, միշտ թաղում-մաղում ինքն ա անում։ Ծախսերը փակում ա, բան ա անում», - ասաց մեկը։

«Մարզպետը շատ լավ տղայա, մի ոսկի տղայա։ Աղքատներին օգնում, հիվանդին օգնում, մահացածներին օգնում։ Շատ լավ տղայա։ Պրոստը բարեկամները-բանը իրա պատվի հետ խաղ են անում, թե չէ ինքը շատ լավ տղայա», - հավելեց մեկ այլ երիտասարդ գորիսեցի։

Գորիսեցի Համլետ Բաբաջանյանը դասավանդում է տեղի պետական քոլեջում։ Սյունիքում տեղի ունեցող դեպքերի մասին պերճախոս չէ: Վստահ է՝ վերևներում առանց իր ասելու էլ գիտեն, և նույնիսկ ենթադրում է, թե ինչու են հանդուրժում․ - «Էդ իրանք գիտեն՝ ղեկավարությունը։ Դե երևի պետք ա, որ գիտեն այդ ամենի մասին։ Եթե իրանք լռում են, ոչինչ չեն անում, սովորական մարդը ի՞նչ կարող ա անի։ Ուրեմն ճիշտ են համարում, էլի, որ կա էդ բաները, ու ասում են՝ թող լինի։ Ժողովուրդ ա, էլի, մարդիկ են․․․ պիտի ընտրություններում, բանում ձայների-բանի հարցով, էդ էլ կա, էլի։ Պիտի էդ տիպի մարդիկ լինեն, որ կարողանան ձայն հավաքեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG