Մատչելիության հղումներ

Բնակիչներն ահազանգում են՝ մայրաքաղաքի բակային ճոճանակներն անվտանգ չեն


Բնակիչներն ահազանգում են՝ մայրաքաղաքի բակային ճոճանակներն անվտանգ չեն
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Թեև քաղաքապետարանից հավաստիացնում են, թե բակային ատրակցիոնները պարբերաբար ուսումնասիրում են, թերությունները՝ վերացնում, «Ազատության» շրջայցը այլ պատկեր բացահայտեց։

Երկու ամիս է անցել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ բակերից մեկում տեղակայված երկաթյա ծանր ճոճանակը շրջվել էր երեխայի վրա՝ դառնալով նրա մահվան պատճառը:

Թեև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արթուր Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, թե քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հանձնարարությամբ բակային կարուսելներն ու ճոճանակները պարբերաբար ուսումնասիրվում են, հայտնաբերված թերություններն ու խնդիրներն էլ՝ վերացվում, այսօր մեր շրջայցի ժամանակ դուրս ցցված սուր ծայրերով, կոտրված ձողերով, թերի ամրացված հիմքերով ու շարքից դուրս եկած նստելատեղերով բազմաթիվ ճոճանակներ տեսանք:

Երեք անչափահաս թոռներ ունեցող Լեյլա Մարգարյանն ու «Ազատություն» զանգահարած 7-րդ զանգավածի բնակիչ Օֆելյա Կամավոսյանը միշտ փորձում են ճոճանակներից հեռու պահել իրեն փոքրիկներին, բայց դա ոչ միշտ է հաջողվում:

«Ես չեմ ուզում, որ իրենք օգտվեն էդ կարուսելներից, նայեք ինչ վիճակում են, պոկված, հիմքերը խարխուլ, էդքան էժա՞ն է երեխան մեր հասարակության համար», - տարակուսում է Մարգարյանը:

Տարիներով հողի մեջ թաղված, երկաթե ծռմռված մասերով ու դեպի վեր բարձրացող առանց հարթակի ճոճանակներ կային նաև Նոր Նորքի մանկապարտեզներից մեկի բակում:

Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետը շաբաթներ առաջ էր ծնողներին հորդորել իրենց երեխաներին հեռու պահել մայրաքաղաքի այդ հատվածում տեղակայված ատրակցիոններից, նշելով, թե դրանք համապատասխան փորձաքննության չեն ենթարկվել:

Նախարարության լրատվության վարչության պետը, մինչդեռ, վստահ չէ՝ այսօր հիշյալ ատրակցիոնի շահագործումը կասեցվա՞ծ է, թե՞՝ ոչ:

Տևական ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանթյամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանի խոսքով, այս հարցում թերանում են միանգամից երեք պատկան ատյաններ:

«Առաջին հերթին տարածքային ինքնակառավարման մարմինը, մասնավորապես՝ քաղաքապետարանը և վարչական շրջանները, երկրորդ հերթին՝ նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույցները, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարությունը:

Երջանիկ պատահականությամբ հիմա չի գրանցվում հաջորդ վատ դեպքը, նստած ենք ռումբի վրա, որը չի պայթում, բայց անպայման մի օր պայթելու է», - նախազգուշացնում է Պիպոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG