Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին զգուշացնում է Ադրբեջանին


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղի պաշտպանության բանակի պատասխանատվության գոտում, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը. օգոստոսի 11-12 գիշերը միայն 82 միլիմետրանոց ականանետերից ադրբեջանական զինված ուժերը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:

«Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով», - հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG