Մատչելիության հղումներ

Թուրքիայում սրվել են հակաամերիկյան տրամադրությունները


Թուրքիայում սրվել են հակաամերիկյան տրամադրությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Ամերիկյան օդուժը սկսել է օգտագործել թուրքական «Ինջիրլիք» ավիաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարվածներ հասցնելու համար:

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` ամերիկյան ութ ռազմական կործանիչներ շուրջ 300 հոգանոց անձնակազմով արդեն տեղակայվել են «Ինջիրլիք» ավիաբազայում: Ամերիկյան օդուժին պատկանող ևս 24 ինքնաթիռ այս շաբաթվա ընթացքում կտեղակայվի թուրքական ռազմաբազայում:

Երկար բանակցություններից հետո Թուրքիան ի վերջո թույլ տվեց, որպեսզի ամերիկյան օդուժը օգտագործի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազան «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի համար: Թուրք-ամերիկյան ռազմական այս համագործակցությունը երկրում հակաամերիկյան տրամադրություններ առաջ բերեց: Այսօր առավոտյան Ստամբուլում ահաբեկչական հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի հյուպատոսարանը, երկու ահաբեկիչ` տղամարդ և կին, կրակ են բացել շենքի ուղղությամբ, տուժածներ չկան: Թուրքական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել ահաբեկիչներից մեկին, մյուսը կարողացել է փախուստի դիմել:

Ձերբակալվածը Հյուլյա ծածկանունով 51-ամյա Հաթիջե Աշըքն է, որը ծայրահեղ ծախ կողմնորոշում ունեցող Հեղափոխական ժողովրդի ազատագրության կուսակցության ճակատի անդամ է: Կուսակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ԱՄՆ հյուպատոսարանը, որը հարձակումից հետո փակվել է անհայտ ժամանակով, Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախարարների խորհրդի նիստ է հրավիրել: Շուրջ 5 ժամ տևած նիստի ընթացքում քննարկվել է վերջին շրջանում աճած ահաբեկչական հարձակումների խնդիրը:

Նշենք, որ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ Անկարան անցած ամիս հայտարարեց, որ ավելի ակտիվ դեր է ստանձնում «ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»: Անցած շաբաթների ընթացքում Թուրքիան հարվածներ է հասցրել ոչ միայն «Իսլամական պետությանը», այլ նաև նույն այդ «Իսլամական պետության» դեմ պայքարող քրդական ուժերին, մասնավորապես՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին: Անկարայի այս պահվածքը ոչ միայն հարցականի տակ է դրել քրդական հարցի լուծման՝ Թուրքիայի պատրաստակամությունը, այլ նաև հրահրել է պատասխան գործողություններ ՔԲԿ-ի զինյալների կողմից: Անցած շաբաթներին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներում ավելի քան 20 թուրք ոստիկան և զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG