Մատչելիության հղումներ

Ռուսաստանում շարունակվում է ներկրված մթերքի դեմ արշավը


Ռուսաստանում շարունակվում է ներկրված մթերքի դեմ արշավը
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Գործի է դրվում մթերքի ոչնչացման մի քանի տարբերակ: Այրում են, հատուկ մեքենաներով տրորում և մասնատում, թաղում են հողի մեջ:

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ, օգոստոսի 6-ին ոչնչացվել է 250 տոննա միրգ և բանջարեղեն, 30 տոննա կաթնամթերք, առավելապես՝ պանիր:

Ռուսաստանի մի շարք շրջաններից արդեն զեկուցել են, որ կատարել են նախագահ Պուտինի հրամանագիրը:

Մինչդեռ, ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին շուրջ 250 հազար ռուսաստանցիներ դիմել են իշխանություններին՝ արգելված մթերքը աղքատ բնակչությանը տրամադրելու խնդրանքով:

Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում աղքատ է համարվում շուրջ 23 միլիոն մարդ, կամ բնակչության 16 տոկոսը: Ընդ որում, անցած տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 2 տոկոսով:

Հատկանշական է, որ արգելանքի տակ գտնվող մթերքը Ռուսաստան է ներկրվում առավելապես ԵՏՄ անդամներ Բելառուսի և Ղազախստանի տարածքներից, քանի որ այդպիսով մաքսային հսկողության չի ենթարկվում:

Սակայն, Ռուսաստանի գյուղնախարարությունն արդեն իսկ համապատասխան հսկիչ կետեր է տեղադրել ռուս-բելառուսական և ռուս-ղազախական սահմաններին: Առաջիկայում նախատեսված է ավելացնել նման կետերի թիվը:

Անցած տարվա օգոստոսից Մոսկվան արգելանք է կիրառում ուկրաինական իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանած երկրներից ներկրվող մթերքի նկատմամբ: Օրերս հայտարարվել է, որ այդ երկրների ցանկն առաջիկայում ընդլայնվելու է, հնարավոր է, որ դրանում հայտնվի նաև Վրաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG