Մատչելիության հղումներ

Գյումրիի հունվարյան ցույցերի գործով նախաքննությունը դոփում է տեղում


Մնացական Ալեքսանյանը ցույցի վայրում, Գյումրի, 15-ը հունվարի, 2015թ.
Մնացական Ալեքսանյանը ցույցի վայրում, Գյումրի, 15-ը հունվարի, 2015թ.

Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործը և մեղադրյալին՝ ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով փողոց դուրս եկած ցուցարարների և ոստիկանների միջև հունվարի 15-ին տեղի ունեցած բախման փաստով հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է:

Գործով առաջինը ձերբակալված սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանն ասում է, որ ինքը պատանդի կարգավիճակում է հայտնվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Չափահաս մարդ եմ, պետք է աշխատեմ, իմ հիմնական աշխատանքը դրսում էր, ու հիմա ամբողջովին կտրել են դրանից, շատ դժվար իրավիճակում եմ հայտնվել»,- «Ազատությանը» փոխանցեց երիտասարդը։

Մնացական Ալեքսանյանի շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը պատրաստվում է նախաքննական մարմին գործը կարճելու միջնորդություն ներկայացնել.- «Միջնորդություն ենք ներկայացնելու, որ արդեն ողջամիտ ժամկետները անցել են, մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված է։ Քանի որ այս ընթացքում մեղադրանքը հիմնավորող ոչ մի ապացույց չեն գտել, ուրեմն պետք է դադարեցնեն քրեական հետապնդումը և Մնացական Ալեքսանյանի մասով կարճեն գործը։ Մարդը ուզում է գնալ արտագնա աշխատանքի, բայց չի կարող, քանի որ խափանման միջոց է ընտրված»։

Ընթացող նախաքննությունից որևէ տեղեկություն չկա, ասում է փաստաբան: Նրա ցանկացած հարցման քննիչների միևնույն պատասխանն են տալիս՝ նախաքննություն է ընթանում: Վկաների՞ն են հարցաքննում, թե՞ փորձաքննությունների եզրակացությունների են սպասում՝ այս հարցերի պատասխանը փաստաբանը չունի: Նա համոզված է, որ գործը հարուցել են ու «կրակն են ընկել»:

«Ոչ մի գործողություն մինչև օրս չի կատարվել, կոպիտ ասած՝ դրել են կողքի էդ գործը և ոչինչ չեն անում։ Ինչն է պատճառը՝ ես չեմ կարող ասել։ Մեղադրանք է առաջադրվել և վերջ։ Դրանից հետո մենք ոչ մի գործողության չենք մասնակցել, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչ-որ մի բան կատարվում է, թե՝ ոչ»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանը նախաքննության ձգձգումը այսպես է բացատրում.- «Երևի հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ավելի շատ հրահանգի են սպասում, թե ընթացքը ինչ ուղղությամբ տանեն։ Երևի էնտեղ չեն կողմնորոշվում՝ էս գործը փակե՞ն, թե՞ առաջ տան, դրա համար էլ այսպես մնացել է»։

Այս գործով խուլիգանության մեղադրանք է առաջադրվել 19 ցուցարարի: Նրանց անունները չեն հրապարակվում: Հայտնի են միայն Մնացական Ալեքսանյանի և Անուշավան Հարությունյանի անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG