Կոտայքի մարզի երեք գյուղերի՝ Մարմարիկի, Աղավնաձորի և Մեղրաձորի բնակիչներն այսօր առավոտյան մի քանի ժամով փակել էին Մարմարիկից Հրազդան տանող ավտոճանապարհը՝ բողոքելով, որ Հրազդանի ցեմենտի գործարանի ձեռնարկած վերանորոգման աշխատանքների պատճառով ավելի քան 10 օր է զրկված են ոռոգման ջրից:
Ճանապարհը բացվեց միայն մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ գյուղացիների հանդիպումից հետո: Ըստ բողոքի գործողության մասնակիցների, մարզպետը խոստացել է ամենաուշը մեկ օրից կարգավորել խնդիրն ու տեղի բնակիչների եկամտի միակ աղբյուր հանդիսացող այգիներն ու մշակովի այլ տարածքները փրկել վերջնական չորացումից:
«Բերքի մոտ 50 տոկոսն արդեն իսկ փչացել է», - «Ազատության» հետ զրույցում, ցույց տալով արևից չորացած ու դեղնած տերևները, ասում էր Նոդար Միրզոյանը և հավելում՝ «եթե վաղն էլ ջուր չտան, վնասն էլ ավելի մեծ կլինի»: Մինչդեռ այդ աշխատանքներն անելու, այդ ամենը տնկելու համար ընտանիքի հայրը տոկոսով փող է պարտք վերցրել:
«Սրանք էլ խելքի չեն գա, ջուր լինի-չլինի, ճլորել ա, նայի, որ ջրեցիր էլ, արդեն կնեխի, ձեռքով, վեդրոներով տանում ենք, որ քիչ-քիչ լցնենք, որ մի քիչ հովանա․․․ »,- շարունակում էին բողոքել գյուղացիները:
Մարմարիկ գյուղի մեկ այլ բնակիչ՝ Մարինե Բարսեղյանն էլ պատմում է, որ գյուղում այլ աշխատանք չկա, մարդիկ առավոտից գիշեր հող են մշակում, որ կարողանան ծայրը ծայրին հասցնել: «Իսկ ջուրն էլ կտրել են հենց այն պահին, երբ եկել է արդյունքը ստանալու ժամանակը»,- ասում է Մարմարիկի բնակչուհին:
«Ամբողջ տարին սրա հույսով ենք ապրում, ժողովրդի միակ միջոցն էս ա, էն էլ չորացել թափվում ա»,- շարունակում է նա:
Երեք գյուղերի ոռոգման, ինչպես նաև Հրազդանի ցեմենտի գործարանը սնուցող ջուրը մեկ խողովակով է հոսում: Գյուղացիները վրդովված են՝ այս շոգ օրերին, երբ այգեգործության համար ջուրը կենսական նշանակություն ունի, ցեմենտի գործարանը որոշել է վերանորոգել խողովակը: Մինչդեռ, կարող էին աշնանը դրանով զբաղվել, իսկ գյուղացիներն էլ վճարել են ոռոգման համար անհրաժեշտ գումարը, դժգոհում էին մարդիկ:
Հարցին՝ ինչո՞ւ հենց այս օրերին որոշեցին վերանորոգել ոռոգման ջրի խողովակը, ցեմենտի գործարանի աշխատողները պատասխանեցին, թե հրատապ խնդիր է եղել, ջրի հոսքի ուժգնությունը բավարար չի եղել գործարանի աշխատանքների համար:
«Սեպտեմբերին էլ զավոդը պետք ա աշխատի, էն մարդիկ մտածում են իրանց գյուղատնտեսության մասին, մենք էլ մտածում ենք մեր զավոդի մասին»,- հակադարձում էին գործարանի աշխատողները:
Թեև մարզպետը խոստացել է մինչև վաղը գյուղացիներին ապահովել ոռոգման ջրով, այդուհանդերձ, խողովակի վրա աշխատող բանվորները վստահ չէին, որ խոստացված ժամկետում կհասցնեն ավարտել վերանորոգումը:
Գյուղացիներն էլ սպառնում էին հաջորդ առավոտյան ջուր չունենալու դեպքում նորից փակել ճանապարհը: