Մատչելիության հղումներ

Իջևանի նախկին ոստիկանապետը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց


Իջևանի նախկին ոստիկանապետը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 5 տարվա ազատազրկման դատապարտեց Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին։ Նա մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Նույն մեղադրանքով դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց նաև Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին, իսկ խուլիգանության մեջ մեղադրվող «Իջևանատուն» ռեստորանա-հյուրանոցային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանը դատապարտվեց 6.5 տարվա ազատազրկման։

Իջևանի նախկին ոստիկանապետը չի ընդունում մեղքը, հայտարարել է, որ իր դեմ քրեական հետապնդումը պայմանավորված է «որոշ մարդկանց շահերով»։ Ազիբեկյանը, սակայն, անուններ չի տալիս։ Նրա գործով վճռի հրապարակումը դահլիճում ներկաների զայրույթը հարուցեց:

Անցած տարի Իջևանում Անդրանիկ Խոջումյանին պատկանող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի վրա հարձակում էր տեղի ունեցել, Խոջումյանը ի պատասխան օդ էր կրակել։ Ըստ քրեական գործի, ընկերոջը արդարացնելու համար Իջևանի արդեն նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը կեղծել էր դեպքի վայրում առկա հանցանշանները։

Նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք է տվել Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ հայտարարելով, որ Ազիբեկյանի հետ կեղծել են հանցանշանները։ Ազիբեկյանի դեմ ցուցմունք տալու դիմաց Ավետիսյանին քննիչը խոստացել է մեղմացնել նրան առաջադրված մեղադրանքը, ասում է Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նա ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Ազիբեկյանին ձերբակալելու հաջորդ օրը իսկ Իջևանի նոր ոստիկանապետ նշանակվեց։ Տպավորությունն այնպիսին է, որ Ազիբեկյանին հատուկ ցանկանում էին ազատազրկել, նկատում է պաշտպանը։

Վճռի հրապարակումից հետո փաստաբան Պողոսյանն ասաց, որ դատարանը չկարողացավ հիմնավորել մեղադրանքը՝ այդպիսով ևս մեկ անգամ հաստատելով, որ հանդիսանում է «դատախազության կցորդն ու նոտարի գործառույթ է իրականացնում»։

«Իջևանատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանը ևս չընդունեց մեղադրանքը։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը ակնհայտ ապօրինի է համարում վճիռը՝ շեշտելով, որ պատժաչափերը խիստ են։

Վարոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դատարանն այդպես էլ քննության չառավ պաշտպանյալի ռեստորանի վրա կատարված հարձակման դրվագը։ Ռեստորանը զինված հարձակումից պաշտպանելու համար օդ կրակած Խոջումյանը ճաղերի հետևում է, մինչդեռ ռեստորանի վրա զինված հարձակում իրականացնողները այս գործով անցան որպես տուժող և վկա, նկատում է Վարոսյանը։

«Դատավճիռը ինքնին հիմնավորում է Իջևանում տարածվող խոսակցությունները, որ սա բացառապես պատվեր է։ Երբ անձին դատապարտում են խուլիգանության համար՝ բնակավայրից հեռու, կեսգիշերին օդ կրակելու համար՝ միայն մի նպատակով, որ կանխի զինված հարձակումը, և այդ զինված հարձակման մասնակիցները դառնում են գործով տուժողներ և վկաներ, ես չգիտեմ, սա որակել այլ կերպ, քան պատվեր, անհնար է»,- ասաց Վարոսյանը։

Թե ում պատվերն է սա, փաստաբանը դժվարացավ պատասխանել։ Պատվերի մասին խոսեց նաև վճռի հրապարակումից զայրացած Իջևանի նախկին ոստիկանապետի մայրը՝ Զեմֆիրա Հարությունյանը՝ հայտարարելով, որ որդու դեմ ցուցմունք տված գործընկերոջ՝ Արտակ Ավետիսյանի վրա ճնշում են գործադրել ցուցմունքներ կորզելու համար։

Իջևանի նախկին ոստիկանապետի հարազատները սպառնում են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ փորձելով այդ կերպ հասնել արդարադատության։ Այսօր նրանք փակեցին Նոյեմբերյանի միջպետական ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG