Թաղապետարանը չի արձագանքում Էրեբունու ջրազուրկ բնակիչների դիմումներին

Թաղապետարանը չի արձագանքում Էրեբունու ջրազուրկ բնակիչների դիմումներին

No media source currently available

Մարդիկ հավաստիացնում են, որ պատրաստ են հայթայթել անհրաժեշտ գումարը, միայն թե խնդիրը լուծվի:

Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 87-ամյա Արաքսյա Պողոսյանը բողոքում է, որ արդեն շուրջ մեկ ամիս զրկված է խմելու ջրից։ Նույն խնդիրն ունեն նաև հարակից հինգ տների բնակիչները։

Ռոստովյան փողոցի ջրագծի վթարից հետո նրանք դիմել են թաղապետարան ու «Երևան Ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը չի լուծվել։

«Փտել է խողովակն ու պայթել, ջուր է դուրս տվել, գնացել հայտնել են, որ ջուրը հոսում է, եկեք փակեք։ Նրանք էլ եկել փակել են: Փոխանակ սարքի պետությունը, իր գործն ա, եկել են փտած տեղը կտրել են, փայտը խփել գնացել են։ Մյուս օրն էլ եկել են ասֆալտ են արել անցքի վրա»,- պատմում է բնակիչը:

«Երևան Ջուր» ընկերությունից բնակիչներին ասել են, որ դեպի իրենց տները տանող ջրագիծը սեփական միջոցներով պետք է նորոգեն, մինչդեռ բնակիչները հակադարձում են՝ այստեղ բնակվողները առավելապես թոշակառուներ են և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեն։

«Գոնե մի մասը պետությունն օգնի, մյուս մասն էլ մեր ուժերով անենք, առանց ջրի չենք կարող ապրել։ Պետք է անպայման ջուր լինի, որ լվացք անենք, լողանանք, մենակ խմելու համար կարելի է մի շիշ առնել, բայց սենց չի ապրվի»,- ասում են նրանք։

Այդուհանդերձ, բնակիչները հավաստիացնում են, որ պատրաստ են հայթայթել անհրաժեշտ գումարը, միայն թե խնդիրը լուծվի: Տեղում նոր ջրագիծ կառուցելու համար, սակայն, նախ պետք է Էրեբունու թաղապետարանի թույլտվությունը ստանալ։ Մարդիկ առաջին իսկ օրվանից այդ խնդրով դիմել են, սակայն անհրաժեշտ փաստաթուղը ստանալ չեն կարողացել։

«Սկեսուրս գնացել է թաղապետարան, որ գոնե այդ թուղթը բերի, ասում են՝ նոր ենք ասֆալտապատել, թուղթ տալ չենք կարող, դիմեք «Երևան Ջուր» ընկերությանը, թող գան նորոգեն։ Մի տեղից մյուսն են ուղարկում, ոչ մի օրենք չի գործում»,- ասում է բնակիչներից Նատալյա Պողոսյանն ու հավելում․ - «Վիճակն այնքան անելանելի է, որ հաշմանդամ ամուսնուս հետ մտածում ենք նոր բնակարան վարձակալել ու տեղափոխվել»։

Մեր հարցադրումներին թաղապետարանից չպատասխանեցին։ Միայն նշեցին, որ խնդրին տեղյակ է կոմունալ բաժնի պետը, ով էլ տեղում չէ:

«Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը մեր հարցմանն ի պատասխան նշեց, թե կարող են միայն խորհրդով օգնել։

«Մենք ասում ենք՝ ձեզ կտանք պայման՝ որտեղից կառուցել, ինչպես կառուցել, հաշվարկ է պետք անել, կօգնենք ձեզ հաշվարկ անելիս, որտեղից ինչ ձեռք բերել, բայց ծախսերը՝ փորելը, տեխնիկա ներգրավելը, նյութեր գնելը պետք է իհարկե անեն բնակիչները։ Մենք նրանց բացատրել ենք խնդիրն ինչն է, իրենց չի գոհացնում մեր բացատրությունը, որովհետև ի վերջո ինչ-որ մեկը պետք է խրամուղի փորի, ինչ-որ մեկը պետք է գնի խողովակ, տեղադրի, ջրաչափեր տեղադրի։ Մենք միացումը տալիս ենք, բայց փողոց քանդելը, գնալ թաղապետարան պայմանավորվելը, գումար հավաքելը, փողոց վերանորոգելը, ջրաչափ ու խողովակ ձեռք բերելը, ի վերջո, ծախսեր են»։

Մուրադ Սարգսյանը հավելեց՝ սխալ է այն մտայնությունը, թե բողոքելով հարցը կլուծվի։ Ջրագիծ վերանորոգելը բնակչի պարտականությունն է, իսկ «Երևան Ջուր» ընկերությունը ջրի վաճառքով է զբաղվում։

«Երբ խոսքը գազի համակարգից օգտվելու մասին է, կամ էլեկտրասնուցման, մեր բնակիչները նորմալ են համարում, որ, ասենք, մի 6 ամիս գումար են կուտակում, քանի որ ծախսատար գործընթաց է, դիմում են գազի վարչություն կամ էլեկտրաէներգիայի և իրենց համար նոր գիծ են կառուցում։ Դա նորմալ է, բայց երբ խոսքը ջրի մասին է, չգիտես ինչու գտնում են, որ կարելի է նաև ծախս չանել։ Նույնիսկ զարմանում են, որ բողոքում են և չի անցնում։ Մինչդեռ մեր համակարգում էլ կարգուկանոն կա»,- ասում է Սարգսյանը:

​
XS
SM
MD
LG