Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի, ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանի և «Իջևանատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանի դատավարությունը։ Դատավճիռը նախատեսվում է հրապարակել վաղը։
Նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղսագրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Մեղադրողը նրա համար 5.5 տարվա ազատազրկում է պահանջել։
Համաձայն քրեական գործի, Անդրանիկ Խոջումյանին պատկանող «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի վրա հարձակում է տեղի ունեցել, Խոջումյանը օդ է կրակել։ Այնուհետև նախկին ոստիկանապետը, իբր, արձանագրությունում փոխել է դեպքի վայրը՝ փորձելով արդարացնել ընկերոջը՝ այս գործով մեղադրյալ Անդրանիկ Խոջումյանին։
Ռեստորանային համալիրի վրա հարձակվողներն անցնում են որպես գործով տուժողներ և վկաներ։
Ազիբեկյանը նախաքննության հենց սկզբից հայտարարել է, որ չի ընդունում մեղքը, և պնդել, որ այս ամենը տեղի է ունեցել «որոշ մարդկանց շահերի համար»՝ այդպես էլ անուններ չհնչեցնելով։
Նախկին ոստիկանապետի պաշտպան Միհրան Պողոսյանը ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա․ Ազիբեկյանին ձերբակալելուց անմիջապես հետո՝ հաջորդ օրն իսկ Իջևանի նոր ոստիկանապետ նշանակվեց։ «Տպավորությունն այնպիսին է, որ Ազիբեկյանին հատուկ ցանկանում էին ազատազրկել», - ասում է պաշտպանը՝ փակագծերը չբացելով․ - «Ամեն կերպ Անդրանիկ Ազիբեկյանին պետք էր որևէ հոդվածով մեղադրանք առաջադրել, որպեսզի վերջինս կալանավորվի և հետագայում դատապարտվի երկարատև ազատազրկման»:
Նախկին ոստիկանապետի դեմ մեղադրանքն առաջադրվել է նրա արդեն նախկին գործընկերոջ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի ցուցմունքների հիման վրա։
Ավետիսյանի համար դատախազը 4.5 տարվա ազատազրկում է պահանջել․ նա ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հանցագործության դեպքը թաքցնելու մեջ։
«Նախաքննության ժամանակ Ավետիսյանը ցուցմունք է տվել Ազիբեկյանի դեմ՝ հայտարարելով, որ գործընկերը կեղծել է հանցագործության դեպքի վայրը», - ասում է պաշտպան Միհրան Պողոսյանը և պնդում, որ Ազիբեկյանի դեմ ցուցմունք տալու դիմաց Ավետիսյանին քննիչը խոստացել է մեղմացնել նրան ներկայացվող մեղադրանքը․ - «Ընդ որում պետք է հաշվի առնել, որ դատական քննության ընթացքում Ավետիսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց»:
Գործով երրորդ մեղադրյալը՝ «Իջևանատուն» ռեստորանի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը ևս չի ընդունում մեղքը։ Նրան մեղսագրվում է խուլիգանություն, և մեղադրողը 7 տարվա ազատազրկում է պահանջել։
Խոջումյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պաշտպանյալի ռեստորանի վրա զինված հարձակում իրականացնողները այս գործով անցնում են որպես տուժողներ և վկաներ։
Վարոսյանը չբացառեց Իջևանում շրջանառվող այն վարկածը, որ այս ամենը արվել է Անդրանիկ Ազիբեկյանին ոստիկանապետի պաշտոնից հեռացնելու համար․ - «Դժվար է միանշանակ գնահատական տալ: Բայց որ ակնհայտ միտում կա՝ փաստերը խեղաթյուրելու, մի կողմին ակնհայտորեն քրեական պատասխանատվությունից ազատելու և մեղքը մյուս կողմի վրա բարդելու, դա պարզ է»: