Մատչելիության հղումներ

Համահայկական խաղերի մասնակցի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձորում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որի պատճառով զոհվել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան եկած ամերիկահայ մարզիկ Լևոն Թոմազը:

Մարզիկը կողաշրջվել է «Յամահա» մակնիշի կվադրոցիկլով՝ Ծաղկաձորի ճոպանուղու 2-րդ կայանի մոտակայքում՝ հողապատ և խոտածածկ ճանապարհին:

Դեպքի առթիվ նույն օրը՝ օգոստոսի 1-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Լևոն Թոմազի ընկերները: Ականատես վկաների ցուցմունքների համաձայն՝ սարից իջնելու ժամանակ ամենագնացը վարել է տուժողը՝ ոչ շատ արագ։ Ճանապարհին ամենագնացի հետևի մասն անսպասելի վերև է բարձրացել, որի հետևանքով ուղևորը վրայից ընկել է առաջ, ամենագնացը կողաշրջվել է, իսկ մարզիկը հայտնվել է ամենագնացի տակ։

Քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG