Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրով ծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում է Կառավարության տեղեկատվության վարչությունը։
Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏ-ի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումներին ու ծրագրերին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Արմթեք-2015» ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կանցկացվեն նաև «ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսը, «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ը, Բիզնես ինովացիոն ֆորումը և Cebit-2015 միջոցառումը: