Ավարտվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանի և Բերդ քաղաքի բնակիչ Հրանտ Անանյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9 միլիմետր տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 միլիմետր /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015 թվականի հուլիսի 10-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ղազարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել հուլիսի 13-ին, նա կալանավորված է:
«Երեկ որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով անհայտ անձի կողմից Արթուր Ղազարյանին ապօրինի հրազեն ու ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթ առանձնացնելու մասին: Ղազարյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն։ Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
Հրանտ Անանյանի վերաբերյալ Քննչական կոմիտեն հաղորդում է. - «Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Անանյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «ՊՄ» (Մակարով) տեսակի ատրճանակի նմանողությամբ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող «ՊՄ» և «ԱՊՍ» տեսակի ատրճանակների համար նախատեսված, գործարանային արտադրության 9 միլիմետր (9X18 ՊՄ) տրամաչափի մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս մոտ՝ 2015 թվականի հուլիսի 10-ին ոստիկանության բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ»:
Անանյանին առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով։ Հոդվածը սահմանում է առավելագույնը երեք տարվա ազատազրկում։
Անանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք, հուլիսի 10-ին ոստիկանությունը Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից ապօրինի զենք զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանությունը Կենտրոնականի բաժին բերման էր ենթարկել «Տույ» մականունով Ղազարյանին և ևս 6 անձանց՝ 34-ամյա Արթուր Բորյանին՝ «Կվաս» մականունով, 27-ամյա Հրանտ Անանյանին, նախկինում երեք անգամ դատապարտված 36-ամյա Սարգիս Հարությունյանին, 31-ամյա Արայիկ Խաչատրյանին, նախկինում դատապարտված 39-ամյա Արմեն Մուրադյանին և 30-ամյա Սարգիս Զարգարյանին: