Մատչելիության հղումներ

Նախագահը Դիլիջանում հանդիպել է «Լույս» հիմնադրամի համայնքի ներկայացուցիչների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի շուրջ 200-հոգանոց համայնքի ներկայացուցիչների՝ խորհրդի անդամների, կրթաթոշակառուների, շրջանավարտների, նոր ուսանողների, «Գլոբալ ուսումնական լաբորատորիա» դասընթացի մասնակիցների հետ:

ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2015-2016թթ. կրթաթոշակի արժանացել է 53 նոր ուսանող, 54 ուսանող «Լույսի» աջակցությամբ շարունակում է կրթությունը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում:

«Անցնելու է 10-15 տարի, այս դահլիճում նստած մարդիկ են մեր երկիրը ղեկավարելու: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ, որ դուք ձեր այս ժամանակը, այս տարիքը, իրոք, օգտագործեք գիտելիք և մարդկային որակներ ձեռք բերելու համար»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիլիջանից նախագահը մեկնել է Բերդ քաղաք, Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG