Չնայած Ռուսաստանի չդադարող հակազդեցությանը՝ Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել եվրատլանտյան ինտեգրացիայի գաղափարից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի Current Time հեռուստատեսային ծրագրին տված հարցազրույցում նշել է պաշտոնական այցով Չեխիայում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
«Վրաստանի գործող կառավարությունը իշխանության գալու առաջին իսկ օրը` 2012-ին, հստակորեն հայտարարեց, որ աստիճանաբար, քայլ առ քայլ գնալու է եվրաինտեգրման ճանապարհով: Եվ որևէ սադրանք չի կարող դանդաղեցնել կամ ընդհատել այդ պրոցեսը», - հայտարարել է Խիդաշելին:
Վրաստանի առաջին կին պաշտպանության նախարարի խոսքով, այժմ Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները կարելի է բնութագրել մեկ շատ պարզ բառակապակցությամբ` «դիվանագիտական պատերազմ»:
«Մենք շատ հստակորեն և հաջողությամբ ենք վարում այդ դիվանագիտական պատերազմը: Ռուսաստանը կորցնում է իր երբեմնի ունեցած բոլոր հենարանները, իսկ Վրաստանի բարեկամների թիվը գնալով ավելանում է», - նշել է Խիդաշելին՝ հավելելով նաև, որ Մոսկվայի հետ դիվանագիտական այս հակամարտության ընթացքում Թբիլիսիին մեծապես օգնում է այն բացասական վարկը, որ վերջին իրադարձությունների հետևանքով ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնությունը:
«Ես չեմ կարծում եմ, որ այսօր ինչ-որ մեկն այլևս Ռուսաստանի հետ կապված որևէ պատրանք ունի: Չեմ կարծում, որ որևէ մեկն այսօր աշխարհում Ռուսաստանը որպես գործընկեր է ընկալում», - ասել է Խիդաշելին:
Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թբիլիսիի վերջնական նպատակը Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձն է Վրաստանի կազմ:
«Այդ պատերազմում հաղթելու, տարածքային ամբողջականությունը վերականգնելու Վրաստանի միակ հնարավորությունը եվրոպական ընտանիքին մաս կազմելն է: Մի նպատակ, որին մենք ձգտում ենք տարիներ ի վեր», - նշել է Խիդաշելին:
Ի դեպ, Խիդաշելին նաև որոշակի հույսեր է փայփայում՝ կապված Մոսկվայի քաղաքականության հնարավոր փոփոխության հետ: Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս ունի, որ մի օր հենց Ռուսաստանի իշխանությունները կհրաժարվեն վրացական տարածքների զավթման քաղաքականությունը շարունակելու մտադրությունից:
«Վրաստանը պատրաստվում է մի իրավիճակի, երբ ռուսաստանցի զինծառայողները իրենք սահմանը կվերադարձնեն այն կետին, որտեղ մենք 1992 թվականին միմյանց հրաժեշտ տվեցինք: Մենք պատրաստվում ենք դրան, և հավատացնում եմ ձեզ՝ սա երազանք չէ մեր երեխաների համար, սա իմ սերնդի երազանքն է», - հայտարարել է վրաց նախարարը:
42-ամյա Թինա Խիդաշելին Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկը ստանձնեց երկու ամիս առաջ` մայիսին: Մինչ այդ մասնագիտությամբ իրավաբան Խիդաշելին ղեկավարում էր Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: 2005 թվականից ի վեր նա Վրաստանի հանրապետական կուսակցության անդամ է, որի առաջնորդ ու վրացական խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին Թինա Խիդաշելիի ամուսինն է: