Մատչելիության հղումներ

Ժերար Դեպարդյեն կհյուրընկալվի Ալեքսանդր Լուկաշենկոյին


Բելառուս - Ժերար Դեպարդիեն Մինսկում, 22-ը հուլիսի, 2015թ․
Բելառուս - Ժերար Դեպարդիեն Մինսկում, 22-ը հուլիսի, 2015թ․

Վլադիմիր Պուտինի, Ռամզան Կադիրովի հետ ընկերական ջերմ հարաբերություններ հաստատելուց հետո, հերթը հասել է Բելառուսի նախագահին։

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, ով վերջին տարիներին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ այնքան իր մասնագիտության, որքան աղմկահարույց քաղաքական հայտարարությունների շնորհիվ, այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հյուրն է լինելու։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ ընկերական ջերմ հարաբերություններ հաստատելուց հետո, հերթը հասել է Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Եկել է՝ ծանոթանալու և իր աչքերով տեսնելու, թե ինչպես է Բելառուսի ժողովուրդը անհագ սեր տածում Լուկաշենկոյի նկատմամբ։

«Բելառուսի մասին շատ լսել եմ հարևան Ռուսաստանում։ Ինձ ասացին՝ «իսկ Դուք գիտե՞ք, որ Լուկաշենկոն անցած ընտրություններում ավելի քան 80 տոկոս աջակցություն է ստացել»։ Եվրոպայում այդ փաստը շատերին կարող է զարմացնել։ Ես որոշեցի անձամբ համոզվել դրանում։ Ընդհանրապես կարծում եմ, որ Բելառուսը վաղուց պետք է ընդգրկված լիներ եվրոպական ընտանիքում», - բելառուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մինսկի օդանավակայանում հայտարարել է Դեպարդյեն։

Դեռ տարիներ առաջ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդյեն Բելառուսում բացի Լուկաշենկոյի հետ շփվելուց պատրաստվում է նաև ագրարային տնտեսություններ այցելել։ Հայրենիքում ռեստորանային բիզնեսով զբաղվող դերասանը, ով պարբերաբար սպառնում է հրաժարվել ֆրանսիական անձնագրից Ֆրանսիայի հարկային քաղաքականության պատճառով, կարծում է, որ բելառուսական գյուղատնտեսության ոլորտի հետ համագործակցության ընդհանուր եզրեր կարող է գտնել։

Տեղի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են Պուտինի վաղեմի, իսկ Լուկաշենկոյի ապագա ընկերոջ բացառիկ այցը Բելառուսի մայրաքաղաք։

«Ինչ պակաս Շվեյցարիա է Բելառուսը», - իր հերթին հայտարարում է դերասանը։

Ի դեպ, Չեչնիայի մասին նմանօրինակ հաճոյախոսությունից հետո դերասանը Ռամզան Կադիրովից հինգ սենյականոց բնակարան է ստացել «Գրոզնի սիթի» էլիտար շենքում։

Այս օրերին Բելառուսում թանկարժեք հյուրը, մինչդեռ, հարևան Ուկրաինայում անցանկալի անձ է հռչակվել. Ուկրաինայի մշակույթի նախարարությունը, Դեպարդյեի անունը ընդգրկելով «սև ցուցակում», արգելում է նրա մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունը երկրում։ Նման որոշման պատճառ է դարձել Դեպարդյեի հայտարարությունը այն մասին, որ ինքը սիրում է Ռուսաստանը և Ռուսաստանի մաս հանդիսացող Ուկրաինան։ Կիևը սա գնահատում է որպես Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG