Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում մարդիկ անգամ մեկ բաժակ խմելու ջուրը հարստություն են համարում: Պետական այրերի ուշադրությունից հեռու գտնվող այս գյուղում մարդիկ ստիպված ամեն օր խմելու ջուր են գնում:
Արևադաշտցի Շիրին Աբասյանը 500 դրամ վճարեց ջրավաճառ տղային 80 լիտր ջրի համար: Այդքանը նրան կբավականացնի մեկ օր: Վիճակն ավելի բարդ է Ավդալյանների ընտանիքում, որտեղ փոքրիկ երեխաներ կան: «Լվացք է, լողանալ է, ընդամենը 4-5 ժամ ջուր ունենք»:
Արևադաշտ գյուղը երկու մասի է բաժանված: Այն հատվածում, որտեղ ապրում է գյուղապետը, խմելու ջուր, թեկուզ կոնկրետ ժամերի և վատ որակի, այդուհանդերձ ծորակից հոսում է: Մեր այցի պահին գյուղապետը տեղում չէր, գյուղապետարանի աշխատողներն էլ, խուսափելով տեսախցիկից, ասացին, որ իրենք էլ շատ հաճախ ստիպված են ջուր գնել, քանի որ ծորակից հոսող ջրի հետ ավազ ու խոտ է գալիս: «Ինչ ասես գալիս է, խողովակները երևի վնասված են» - ասում են նրանք:
Արևադաշտում շոգի և ծարավի դեմ պայքարելու լավագույն միջոցը որևէ ջրափոս գտնելն է, պատմում են գյուղի երեխաները: Նրանք նաև ասում են, թե խուսափում են ծորակի ջրից, քանի որ լավը չէ: «Համը լավը չի, բայց արդեն սովորել ենք այս ջրին»:
Դեռ երկու տարի առաջ Արևադաշտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ փոխվել է: Խնդրի վերջնական լուծման համար հարկ է եղել միայն մոնտաժել ջրագծի հանգույցները: Բանը, սակայն, դրան այդպես էլ չի հասել: Պատճառը չգիտի անգամ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: «Ազատության» հետ զրույցում նա ընդունեց, որ Արմավիրում խմելու ջրի հարցը կենսական է, նաև հավելեց՝ իր պաշտոնավարման ժամանակ երեք-չորս համայնքի խմելու ջրի ներքին ցանցերը փոխվել են, մնացածի համար փող չկա: Ըստ մարզպետի, միջինը 120 միլիոն դրամ է հարկավոր մեկ համայնքի խմելու ջրի ներքին ցանցը փոխելու համար: Փող չկա՝ ջուր էլ չկա, ու գյուղացիների հույսն էլ խորքային հորերի ջրերն են մնում, ասում է նա:
«Բնական է, որ շատ հաճախ խորքային հորերի ջրի որակը չի բավարարում մեր բնակիչներին», - ասում է մարզպետը:
Մինչդեռ Արևադաշտի անջուր հատվածում ապրող բնակիչներն անգամ ավազով ու խոտով ջուրն են շքեղություն համարում: «Ամեն տարի գյուղապետը խոստանում է ապահովել գյուղը խմելու ջրով, սակայն խոսքին տեր չի կանգնում»,- ասում է գյուղացի Շիրինը՝ ցույց տալով խողովակները, որ գյուղապետարանից բերել, թողել, մոռացել ու գնացել էին:
«Գյուղապետին զանգեմ չի գա, վախից, որ գա բեղերը կպոկեմ, սա էղավ ապրե՞լ, ո՞ւր ա էստեղ խմելու ջուր, դու տեսնո՞ւմ ես, դուք ձեր աչքով տեսնում եք՝ սա ապրելու տե՞ղ ա, արդեն երկու անգամ ընտրվում ա (գյուղապետը), մեզ խաբում ա, ջուր չի քաշում»,- դժգոհում է Շիրինը:
Ջրի բացակայության պատճառով գյուղի անջուր հատվածը դատարկվում է: Ընդամենը 10 ընտանիք է մնացել այստեղ: Ավդալյանների ընտանիքն էլ արդեն ճամպրուկներն է դասավորում: Գնում են Ռուսաստան: «Այո, կարող եմ էնտեղ ապրել, որտեղ ջուր՝ էնտեղ էլ կյանք»,- ասում է երիտասարդ ընտանիքի հայրը: