Մատչելիության հղումներ

Տուսկ. «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»


Տուսկ. «ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»
please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00

«Եվրամիությունը վերահաստատում է իր մոտեցումը` ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Եվրամիությունն ու դրան անդամակցող պետությունները նաև չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը», - այսօր կեսօրին Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով՝ հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն չի կարող մնայուն լինել: «Եվրամիության համար Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնահերթություն մնալ: Մենք նաև շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած բանակցային ջանքերին»,- ասաց Տուսկը:

Հարկ է նկատել, որ չնայած Բաքվի և Արևմուտքի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածությանն ու Իլհամ Ալիևի՝ անցած շաբաթ արած կտրուկ հայտարարություններին, թե Ադրբեջանին եվրոպական ինտեգրման գաղափարն ընդհանրապես չի հրապուրում, Տուսկին Ադրբեջանի նախագահի ամառային «Զագուլբա» նստավայրում այսօր դիմավորեցին արարողակարգային բոլոր կանոնների խիստ պահպանմամբ` փողային նվագախմբից մինչև պատվո պահակազոր:

«Ձեր այցը մենք դիտարկում ենք որպես շատ կարևոր քայլ Ադրբեջանի և Եվրամիության երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին»,- բանակցությունների մեկնարկին հայտարարեց Ալիևը:

Դրանից քիչ անց Եվրամիության խորհրդի նախագահն ու Ադրբեջանի ղեկավարը բանակցությունները շարունակեցին դեմ առ դեմ ձևաչափով: Բանակցությունների գլխավոր թեմաներն էին ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև այն դերակատարությունը, որ պետք է խաղա Ադրբեջանը Եվրամիության էներգետիկ ծրագրերում:

Իլհամ Ալիևն, ի դեպ, որոշեց Դոնալդ Տուսկի հետ հանդիպումն օգտագործել իր հայաստանցի գործընկերոջ` երկու օր առաջ Երևանում արած հայտարարություններին հակադարձելու համար:

«Հայաստանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի հետ ասուլիսում հայտարարեց, թե Ադրբեջանը շատ հեռու է ժողովրդավարությունից: Սերժ Սարգսյանը չի կարող ժողովրդավարությունից խոսել, քանի որ ինքը ոչ թե ընտրվել է նախագահի պաշտոնում, այլ նշանակվել պետության նախկին ղեկավարի կողմից: Ճիշտ է՝ ընտրությունների պատրանք ստեղծվել էր, սակայն չմոռանանք, որ 2008-ին կայացած այդ «ընտրությունների» ժամանակ Հայաստանում մարդիկ են սպանվել»,- Ալիևի խոսքն է մեջբերում APA գործակալությունը:

«Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը ավելի մեծ ճնշում կգործադրի ագրեսորի նկատմամբ, որպեսզի մեկնարկի ադրբեջանական հողերի ազատագրման գործընթացը»,-հայտարարեց Ալիևը:

Դոնալդ Տուսկը, սակայն, բանակցությունների ավարտին հատուկ ընդգծեց, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ չեն շրջանցվել նաև Ադրբեջանում առկա ազատազրկված իրավապաշտպանների խնդիրները:

«Ես հատուկ ընդգծեցի այն կարևորությունը, որ մեզ համար ունեն թե՛ մարդու իրավունքները և թե՛ հիմնարար ազատությունները: Եվրամիությունը հավատացած է, որ բաց հասարակությունը երկարաժամկետ կայունության և բարգավաճման լավագույն երաշխիքն է: Ես քննարկեցի նախագահի հետ մեր մտահոգությունները, որ առնչվում են իրավապաշտպանների ազատազրկմանը, և հուսով ենք, որ առանձին դեպքերում շուտափույթ քայլեր կձեռնարկվեն»,- Բաքվում ասաց Եվրամիության խորհրդի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG