Մատչելիության հղումներ

Բնակիչները դժգոհ են կառուցապատողի տրամադրած բնակարաններից


Բնակիչները դժգոհ են կառուցապատողի տրամադրած բնակարաններից
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

10 տարի առաջ գերակա շահ ճանաչված Ամիրյան 4 հասցեի բազմաբնակարան շենքի բնակիչներ Վաչիկ Թադևոսյանն ու Աիդա Անտենյանը տարիներ շարունակ չեն կարողանում ստանալ որպես փոխհատուցում խոստացված բնակարանները:

2005-ին գերակա շահ ճանաչված շենքի տեղում կառուցվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Նացիոնալ» հյուրանոցային համալիրը և դրան կից 8 հարկանի բազմաբնակարան շենքը: Կառուցապատողը պարտավորվել էր 23 բնակչի համապատասխան մակերեսով բնակարաններ տրամադրել: Շենքը մասամբ կառուցված է, բայց ներքին հարդարման աշխատանքները ավարտին չեն հասցված:

Անցած տարի շենքի շինարարական մասի ղեկավար Էդգար Մանուկյանը բնակիչներին խոստացել էր 7 ամիս հետո ավարտին հասցնել կիսատ թողած աշխատանքները, սակայն 9 ամիս անց էլ բնակիչներին հատկացվելիք հատվածում ոչինչ չի փոխվել:

Երևանի կենտրոնում 73 քմ մակերեսով սեփական տարածքը կառուցապատողին զիջած 67-ամյա Վաչիկ Թադևոսյանը տասը տարուց ավելի է, ինչ վարձով է բնակվում: Տարիների ընթացքում դատարանից դատարան գնալով փաստաթղթերի հսկայական տրցակ է կուտակել:

Թադևոսյանի խոսքով, խնդիրները սկսվեցին կառուցապատողի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանի մահից հետո: Հանգուցյալի իրավահաջորդ էր ճանաչվել պատգամավորի կինը՝ Անահիտ Մնացականյանը, ով էլ բնակիչների խորհուրդ է տվել դիմել վարչապետին: Այժմ բնակիչները չգիտեն, թե ումից պահանջեն աստիճանավանդակներով ու վերելակներով մուտք, ավարտին հասցված պատերով, կոյուղագծերով ու միջնորմներով բնակարան:

«Ո՛չ ջուր կա, ո՛չ հոսանք կա, ո'չ տուալետի գիծ կա», - պնդում են նրանք:

Հանգուցյալ կառուցապատողի կինը «Ազատության» հարցերին չպատասխանեց, խորհուրդ տվեց դիմել Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյա, այժմ արդեն վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին:

Վերջինս «Ազատությանը» փոխանցեց. - «Այդ բնակիչները մեր շնորհիվ դարձան տան տեր: Իրենք ունեին անվավեր պայմանագրեր, մեր օգնությամբ դատարանի վճռով ստացել են վկայականները: Գասպարյանի մահից հետո մենք կարողացանք շենքը շենք դարձնել»:

Վարչապետի գլխավոր խորհրդականը բնակիչներին խորհուրդ տվեց վաճառել բնակարանները, եթե դրանք իրենց չեն բավարարում:

85-ամյա տիկին Աիդան, ով կառուցապատողին է զիջել 85 քմ մակերեսով բնակարան, նաև Հայկ Դավթյանին է մեղադրում իրենց այս խճճված պատմության մեջ գցելու համար: Ասում է՝ ինչպե՞ս վաճառեն այս կիսավեր տարածքը․ - «Ոչ պատուհան կա, ոչ դուռ կա, ոչ էլեկտրականություն կա... Մեզ ստիպեցին... Դավթյանը աղքատի ձեռից մի կտոր հաց առավ, տվեց հարուստին»:

Բնակիչներն անհանգստացած են. 2015-ին լրանում է իրենց պայմանագրերի վաղեմության ժամկետը, ինչից հետո նրանք այլևս որևէ մեկից խնդրի լուծում պահանջելու իրավական հիմք չեն ունենա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG