Մատչելիության հղումներ

Գերմանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նախագահը շնորհավորել է դեսպան Քիսլերին և հաջողություն մաղթել նրան՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում, ընդգծելով, որ դրա համար առկա է ամուր հիմք, և ստեղծված են լավ նախադրյալներ։

Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը, զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Գերմանիան ունեն կայուն քաղաքական երկխոսություն, աշխուժորեն զարգանում են միջխորհրդարանական կապերը, կա առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու զգալի ներուժ, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկկողմ ջանքեր ներդնել՝ նկատի առնելով նաև, որ Եվրամիության երկրներից Գերմանիան ապրանքաշրջանառության ծավալներով Հայաստանի առաջնային առևտրային գործընկերներից է:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար:

Հանդիպմանը քաղաքական և տնտեսական հարաբերություններից բացի, երկուստեք կարևորվել է նաև մշակութային, գիտակրթական, ռազմական և մի շարք այլ ոլորտներում գործակցությունը:

Հայաստանի նախագահը նաև բարձր է գնահատել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի ապրիլի 23-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա ուժեղ պետության ուժեղ ղեկավարի համոզված ելույթ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG