Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները Տուսկին ներկայացրել են իրենց կարծիքը սահմանադրական բարեփոխումների մասին


Ընդդիմադիրները Տուսկին ներկայացրել են իրենց կարծիքը սահմանադրական բարեփոխումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Հայ ազգային կոնգրեսը, Լևոն Զուրաբյանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին երեկ ներկայացրել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների «արատավորությունը»։

«Սերժ Սարգսյանը ցանկանում է ստեղծել մի պարտոկրատիա, որը, ստանալով արդեն Սահմանադրությամբ երաշխավորված մեծամասնություն, Հայաստանում հաստատելու է մի քաղաքական համակարգ, որը շատ նման է Սովետական Միության համակարգին, երբ արտաքնապես կար ժողովրդավար մի Սահմանադրություն, բայց ամեն հարց լուծում էր իշխող կուսակցությունը և նրա Գենսեկը»,- «Ազատությանը» ասաց Զուրաբյանը։

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Դոնալդ Տուսկը, Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, երկկողմ բանակցությունների ընթացքում երեկ Սերժ Սարգսյանին «խնդրել է ներկայացնել սահմանադրական բարեփոխումների իրականացման նպատակը և այդ գործընթացի վերաբերյալ նրա գնահատականը»:

Թե հարցին ի՞նչ պատասխան է տվել Սարգսյանը, ներկայացված չէ։ Սարգսյան-Տուսկ մամուլի ասուլիսի ժամանակ էլ թեման չշոշափվեց։ Լրագրողների հետ կարճատև շփման ընթացքում Եվրոպական խորհրդի և Հայաստանի նախագահները միայն երկու հարցի պատասխանեցին՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններին և ԼՂ-ի հիմնախնդրին վերաբերող։

Մինչդեռ եվրոպացի պաշտոնյայի հետ ընդդիմադիրների երեկվա զրույցի հիմնական թեման սահմանադրական բարեփոխումներն են դարձել, «Ազատությանը» տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Տուսկի հետ հանդիպմանը հրավիրված են եղել խորհրդարանի ընդդիմադիր 5 խմբակցությունների ներկայացուցիչները։ «Ժառանգության» փոխնախագահն ասաց՝ իրենց տեսակետը հստակ է՝ «փոփոխությունները միակուսակցական համակարգ ստեղծելուն են միտված»: Այն փոխանցել են Տուսկին։

«Կարող է՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության համար շատ հարմար, շատ գեղեցիկ Սահմանադրություն կլինի, իրենց հագով կարված։ Բայց սա միանշանակ Հայաստանի մարտահրավերներին չհամապատասխանող Սահմանադրություն է»,- ասաց Մարտիրոսյանը։

«Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ երեկվա հանդիպման ընթացքում անդրադարձել է խորհրդարանի ձևավորման առաջարկվող կարգին, ասելով՝ «նման տարբերակ աշխարհի ոչ մի խորհրդարանում գոյություն չունի, և այն պետք չէ նաև Հայաստանին»։ «Այս համակարգն ուղղակի դուրս է մղելու ընդդիմադիր կուսակցություններին իրական քաղաքական գործընթացից և չեզոքացնելու է վերջիններիս կողմից ստացած ժողովրդական մանդատը»,- հայտարարել է Շահգելդյանը։

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ անդրադարձել են նաև Վենետիկի հանձնաժողովի այն պնդմանը, որ կառավարման ձևը փոխելու համար անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն համախոհություն.- «Ոչ միայն լայն կոնսենսուս չկա, կա համարյա լայն կոնսենսուս մերժման»։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Տուսկը նույնպես շատ կարևոր հարցադրումներ է արել, որը ընդդիմադիր գործիչը չբացահայտեց։ Ասաց՝ խորհրդարանի ընդդիմադիր չորս խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, միայն Դաշնակցությունը՝ կողմ։

«Մենք, իհարկե, բոլորս կարծես թե նույն մոտեցումն ունեինք, մտահոգությունները նույնն էին, Դաշնակցության պարագայում մի փոքր այլ էր, ինչը իրենք բարձրաձայն արտահայտում են»,- ասաց Մարտիրոսյանը։

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած Դաշնակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ «պաշտպանել ենք գաղափարը»։

«Մենք ընդգծեցինք մեր քաղաքական համոզումները հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի և նաև խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ։ Մեր տեսակետները որքանով կարտացոլվեն, որքանով ինքը կկարողանա Հայաստանին շատ պակասող հանրային և քաղաքական համախոհության մթնոլորտ ստեղծել, ըստ այնմ կձևավորվի մեր վերջնական տեսակետը։ Իսկ մերկապարանոց պաշտպանության մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև մենք գործ ունենք հայեցակարգային մի փաստաթղթի հետ, որը բյուրեղացման երկար ճանապարհ պիտի անցնի»,- ասաց Գալստյանը։

XS
SM
MD
LG