Միայն Նորքի ինֆեկցիոն բժշկական կենտրոնում այս պահին աղիքային խանգարումներով 52 երեխա է հոսպիտալացված: Նրանք բոլորն էլ հիվանդանոց են ընդունվել բարձր ջերմությամբ ու աղիքային խանգարումներով: Մի քանի օր հիվանդանոցային բուժումից հետո գրեթե բոլորի վիճակը կայունացել է:
ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի խոսքով, վերջին 4 տարիների ընթացքում աղիքային հիվանդացությունը գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա․ - «Միանշանակ վստահեցնում եմ՝ այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում որևիցե համաճարակ չունենք: Սա սովորական, ամռան ամիսներին բնորոշ այդ հիվանդների քանակի բարձրացում է»:
Արմավիրի մարզում, հիշեցնենք, միայն մայիս-հունիս ամիսներին «սուր աղիքային ինֆեկցիա» ախտորոշումներով հիվանդանոց է դիմել 50 երեխա, որոնցից 38-ը՝ տարբեր մանկապարտեզների սաներ: Նախադպրոցական հաստատություններում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում 4 քրեական գործ է հարուցվել:
Մարզում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշումներով երկու երեխաների մահվան փաստերով քրեական գործեր են հարուցվել:
5-ամյա Էրիկի մայրը՝ Լուսինե Ամիրխանյանը որդու մահվան փաստաթղթերը ձեռքին հրաժարվում է հավատալ, որ իր երեխայի մահվան պատճառը սուր աղիքային ինֆեկցիան է: Նա համոզված է, որ որդին մահացել է բժիշկ Անահիտ Պետրոսյանի մեղքով: Պնդում է՝ երեխան, ճիշտ է, բարձր ջերմությամբ, բայց «իր ոտքով, ուրախ-զվարթ» մտել է հիվանդանոց, սակայն ժամեր անց արհեստական շնչառությամբ տեղափոխվել է Երևան: Այստեղ էլ շուրջ 20 օր մնալով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, մահացել է: Մայրը պատմում, է որ Արմավիրի հիվանդանոցում, առաջին կաթիլայինից հետո փոքրիկը ցնցումների մեջ է ընկել, մարմնի ջերմաստիճանը կտրուկ նվազել է:
Մայրը չի ընդունում բժիշկների պնդումները, թե իր երեխան ի ծնե առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում պնդեց այս վարկածը: Ասաց, որ իրենց կենտրոնում նույնպես հիմնականում աղիքային խանգարումներով ու ինֆեկցիաներով երեխաներ են բուժում ստանում:
«Երեխան ծնվել է խնդիրներով, այդ խնդիրները կապված չեն անմիջապես այս հիվանդության հետ: Իսկ ներկա հիվանդությունը սկսվել է ջերմությունից, փսխումներից: Եվ պետք է ուշադիր լինել այս սեզոնում նման կլինիկա ունեցող երեխաների նկատմամբ», - ասաց Չոբանյանը:
Անցած ամիս գրեթե նման մի դեպք էլ էր արձանագրվել Արմավիրի հիվանդանոցում․ 4-ամյա աղջնակը, հարազատների պնդմամբ, նույնպես իր ոտքով մտել էր հիվանդանոց, երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր, և երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել։
Երկու դեպքում էլ երեխաների ծնողները մեղադրում են բժիշկ Անահիտ Պետրոսյանին: Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց: