Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին»-ը պահանջեց ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու երաշխիքներ տրամադրել


Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո այսօր իր առաջին բողոքի երթն անցկացնող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները մոտ 20 րոպեով փակեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկը։

Ցուցարարները նստել էին փողոցում և պահանջում էին իրենց երաշխիքներ տրամադրել, որ հունիսի 23-ին ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության կենթարկվեն, ինչպես նաև քրեական գործեր կհարուցվեն նրանց նկատմամբ։

Թեև ցուցարարներն ասում էին՝ նստելու են այնքան, մինչև այդ երաշխիքները տրամադրվեն, սակայն երբ նստացույցի վայր եկավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ու սկսեց բանակցել ցուցարարների հետ՝ ասելով, որ հավելյալ ուժեր կհրավիրի ու բերման կենթարկի նրանց, երիտասարդները որոշեցին նստացույցը դադարեցնել։

Օսիպյանը պնդում էր, թե ցուցարարների արածը սադրանք է, որով նրանք փորձում են բախումներ հրահրել ոստիկանների հետ, ինչին երիտասարդները հակադարձում էին, թե իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում։

Երիտասարդները ևս մեկ անգամ մոտ 30 րոպեանոց նստացույց արեցին Հանրապետության հրապարակում, այնուհետև հասնելով գլխավոր դատախազություն՝ իրենց պահանջները բացատրող նամակ հանձնեցին։

Հիշեցնենք, նախօրեին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բաղրամյանի դեպքերին մասնակից ինը ոստիկան կարգապահական տույժի էր ենթարկվել։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պնդում են, որ դա իրենց չի բավարարում, և առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բարձրաստիճան ոստիկանները, որոնց անմիջական հրամանով է տեղի ունեցել ոստիկանական բիրտ ուժի կիրառումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG