Մատչելիության հղումներ

Կնոջ մահվան պատճառ դարձած վերելակի վթարի գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակի խափանման պատճառները, որի հետևանքով մահացել է բնակչուհի Հ. Շահբազյանը։ Բազմակողմանի քննության արդյունքներով՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել, ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Այս տարի մարտի 21-ին հիշյալ շենքի վերելակը խափանվել էր, խցիկը 11-րդ հարկից ընկել հորանը, ինչի հետևանքով մահացել է 37-ամյա կինը:

Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»։

«Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի վերելակի արագության սահմանափակչի զսպանակը եղել է ապակարգավորված, ինչի հետևանքով չեն գործել վերելակի արագության սահմանափակչից գործարկվող որսիչները, գործելու դեպքում խցիկի ընթացքը կարգելակվեր և այն կպահվեր ուղղորդների վրա», - ասված է հաղորդագրությունում:

Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ նախաքննությամբ, ըստ Քննչական կոմիտեի, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերելակների անվտանգ տեխսպասարկման և շահագործման վերահսկման կազմակերպման համար պատասխանատուն «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ-ի տնօրենն է, ով պատասխանատու է եղել տվյալ շենքի մարդատար վերելակի տեխնիկական վիճակի զննման և անվտանգ շահագործման համար։

«Նախնական քննության արդյունքներով՝ տնօրենը, խախտելով Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջները, չի նախաձեռնել կատարելու վերելակի՝ 2014 թվականի ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննությունը, ինչպես նաև չի վերահսկել վերելակի պարբերական տեխնիկական զննումը, որը էլեկտրամեխանիկի կողմից իրականացվել է ոչ պատշաճ` ի խախտումն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 692-Ն որոշմամբ սահմանված պահանջների։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Աջափնյակ վերելակ» ՓԲԸ տնօրենին և էլեկտրամեխանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG